Էլիզաբեթ II-ը 10 միլիոն ֆունտ սթերլինգ է ներդրել օֆշորային ընկերություններում. Paradise Papers զեկույցը նոր սկանդալի պատճառ է դարձել

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը 10 միլիոն ֆունտ սթերլինգ (13 միլիոն դոլար) է ներդրել օֆշորներում: Այդ մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հրապարակած Paradise Papers զեկույցը:
Նշվում է, որ 2004 և 2005 թվականներին Լանկաստեր դքսությունը, որը կառավարում է թագուհու անձնական ֆինանսները, միջոցներ է ներդրել Բերմուդյան և Կայմանյան կղզիներում գտնվող երկու օֆշորային ընկերություններում: Օֆշորներից մեկի միջոցով հետագայում ձեռք են բերվել բաժնեմասեր երկու բրիտանական ընկերություններում: Մասնավորապես, փաստաթղթերի համաձայն, դքսությունը 7,5 միլիոն դոլար է ներդրել Կայմանյան կղզիներում գտնվող հիմնադրամում, որն իր հերթին թագավորական միջոցները ներդրել է ընկերության մեջ, որի հսկողության տակ է եղել սկանդալային BrightHouse ընկերությունը: Վերջինս բրիտանացիներին տան համար ապրանքներ էր վաճառում վարկով գրեթե հարյուր տոկոս տոկոսադրույքով: Հոկտեմբերին ընկերության գործունեությունն անօրինական է ճանաչվել: Դքսությունում նշել են, որ այդկերպ թագուհին ոչ մի օրենք չի խախտում: Այնտեղ նաև վստահեցրել են, որ Էլիզաբեթ II-ը պարտաճանաչ վճարում է հարկերը: Էլիզաբեթ II-ի ներկայացուցիչը նշել է, որ կայմանյան հիմնադրամ ներդրումներ արվել են, սակայն հայտարարել է, որ ներդրված միջոցների հետագա ճակատագիրը հայտնի չի եղել դքսությանը: Paradise Papers անունը ստացած արտահոսքը ներառում է մոտ 13,4 միլիոն փաստաթուղթ, այդ թվում, ենթադրաբար, բերմուդյան իրավաբանական Appleby ընկերությունից: Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը հրապարակել էր մի շարք սկանդալային փաստաթղթեր, որոնք բացահայտում են որոշ համաշխարհային առաջնորդների, մարզիկների ու մշակութային գործիչների կապն օֆշորային գործարքների կնքման հետ։ Մասնավորապես՝ շոշափվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի, Իսլանդիայի վարչապետ Սիգմունդյուր Դևիդ Գյունլեյգսոնի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունները: Լրագրողները պարզել են, որ Ալիևը գրանցված է օֆշորներում` ոսկու հանքավայրերում ու լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցած մասնաբաժինները քողարկելու համար։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.