Բաժին : Հասարակություն
Էլիզաբեթ 2-րդն ու արքայազն Ֆիլիպը պատրաստվում են նշել ամուսնության 70-ամյակը. թագավորական զույգի սիրո պատմությունը՝ ֆոտոշարքով
Ընթացիկ տարվա նոյեմբերի 20-ին կլրանա Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի ու արքայազն Ֆիլիպի պսակադրության 70-րդ տարեդարձը, ինչի առթիվ The Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ ֆոտոշարք՝ ամփոփ ներկայացնելով թագավորական զույգի սիրո գեղեցիկ պատմությունը:
Պարբերականը նկատում է, որ նրանց պսակադրությունից 7 տասնամյակ է անցել: Երջանիկ ամուսնությունն օգնել է զույգին հաղթահարել բրիտանական հասարակությունում տեղի ունեցած սպառնալիքներով լի, վտանգավոր փոփոխությունները, թագավորական ընտանիքի ներսում տեղի ունեցած աղմկահարույց սկանդալները: Չնայած, որ նրանց 3 երեխայի ամուսնությունները ձախողվել են, Էլիզաբեթ 2-րդի ու արքայազն Ֆիլիպի միությունը պահպանվել է՝ դառնալով կայունության, փոխադարձ հարգանքի ու սիրո խորհրդանիշ:
Թագուհին այժմ 91 տարեկան է, իսկ նրա ամուսինը՝ 96: Նա արքայազն Ֆիլիպին սիրահարվել է 1939թ., երբ ընդամենը 13 տարեկան դեռահաս էր, իսկ իր ապագա ընտրյալը՝ 18 տարեկան ծովային կադետ:
Վեսթմինսթերյան աբբայությունում տեղի ունեցած պսակադրության օրն Էլիզաբեթ 2-րդը կրել է սատինից կարված և 10.000 մարգարտով ու բյուրեղներով զարդարված Norman Hartnell զգեստ, մինչդեռ ապագա միապետի հպարտ գլուխը զարդարել է Մայր թագուհուց վերցված թագը:
Ամուսնությունից հետո զույգը տեղափոխվել է Քլարենս Հաուզ: Նրանց առաջնեկը՝ արքայազն Չարլզը, ծնվել է 1948թ.:
Էլիզաբեթ 2-րդը թագադրվել է 1953թ. հունիսի 2-ին: