
Բրիտանական
The Daily Mail պարբերականը զրուցել է նոյեմբերի 5-ին Տեխաս նահանգի Սազերլենդ Սփրինգս քաղաքի բապտիստական եկեղեցում պատարագի ժամանակ կրակահերթ բացած տղամարդու՝ Դևին Քելիի նախկին համադասարանցիների հետ՝ փորձելով մոտավոր պատկերացում կազմել 26 մարդու կյանք խլած ոճրագործի մասին:
Բրիտանական պարբերականի զրուցակիցների մեծ մասը Քելիին բնորոշել են որպես տարօրինակ ու վախի տհաճ զգացողություն առաջացնող երիտասարդ:
«Նա հիմար էր անվանում բոլոր նրանց, ովքեր հավատում էին Աստծուն: Նա շրջապատում յուրային չէր ու աթեիզմի քարոզով էր զբաղված»,-պատմել է Նինա Ռոուզ Նավան՝ մանրամասնելով, որ Քելին շփվում էր իր նմանների հետ:
Պարբերականը մանրամասնում է, որ 26-ամյա Քելին նախկինում զբաղվել է Աստվածաշնչի ուսումնասիրությամբ, ինչպես նաև ծառայել ԱՄՆ-ի օդուժում:
Նշվում է նաև, որ ոճրագործությունից մի քանի օր առաջ ամերիկացին իր ֆեյսբուքյան էջում ինքնաձիգի լուսանկար է հրապարակել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր
Tert.am-ը, Դևին Քելին 5 տարի առաջ ռազմական տրիբունալի կողմից դատապարտվել էր կնոջ ու երեխայի վրա իրագործած հարձակման համար:
Հրաձիգը 2010-2014թթ. ծառայել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում, այնուհետև աշխատանքից հեռացվել է կարգապահական պատճառներով ու կալանքի տակ գտնվել 12 ամիս:
Նոյեմբերի 5-ին Քելին զինվորական համազգեստով մտել է եկեղեցի, որտեղ պատարագ էր մատուցվում, ու կրակ բացել՝ խլելով 26 մարդու կյանք, վնասվածքներ հասցնելով 20-ից ավելի մարդու: Աղբյուրը մանրամասնում է, որ Քելիի զոհերի թվում կա 2 տարեկան երեխա:
Ոճրագործությունից հետո Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է խոնարհել երկրի դրոշները՝ ի հիշատակ եկեղեցում սպանվածների:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը հետապնդել է դեպքի վայրից փախուստի դիմած տղամարդուն ու նրան սպանել: