Անպտուղ զույգերի օգնության ծրագիրը հանվել է, քանի որ տրված գումարը քիչ է, բաշխվում է սուբյեկտիվ ու ոչ արդյունավետ. Լևոն Ալթունյան

ԱԺ-ում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկմանը  ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանից հետաքրքրվեց` մտադիր չե՞ն պետության հաշվին սրտի ստենտավորման սկզբունքը փոխել. «Թե՞ մինչև ինֆարկտի չհասնի՝ չեք փոխհատուցի: Բացի դա էլ` պարտադիր պահանջ է, որ շտապօգնությունը պետք է բերի, բայց եթե մի քիչ ուշանում է, և սեփական մեքենայով են տանում՝ զրկվում են պետպատվերից»,– ասաց պատգամավորը: Նիկոլ Փաշինյանի հաջորդ հարցը վերաբերում էր անպտուղ զույգերի արհեստական բեղմնավորման ծրագրի ֆինանսավորման  կրճատմանը, այն դեպքում, երբ բյուջեից ընդամենը 78 մլն դրամ էր տրամադրվում: Փաշինյանի խոսքով՝ գինը կարելի էր առնվազն քառապատկել մոր և մանկանն ուղղված միջոցների կրճատման հաշվին: Ըստ նրա՝ քիչ ծնունդներ են եղել և  շուրջ 700 մլն դոլար խնայվել է: Հաջորդ հարցը վերաբերում էր պետպատվերների հասցեական հատկացումներին: «Ինչպես են ըստ հիվանդանոցների բաշխվում և ինչ եք անում՝ խուսափելու այն վիճակից, որ ինչպես ասում են, «տիրովին տերն է տարել, անտերին գելը» սկզբունքն է գործում: Որ ԲԿ-ն տեր ունի՝ գումար է ստանում և շատ, որը չունի՝ իր ֆինանսներով է աշխատում և տուժում է»,-ասաց նա: Նախարար Ալթունյանը նախ հստակեցրեց, թե իրենք չեն հայտարարել, որ սրտի ցանկացած ստենտավորում անվճար է: «Անվճար է սոցիալապես անապահով խավերի սրտի խնդիրների հոգածությունն այն գումարով, որը հատկացված է: Նաև զինծառայողների ու նրանց ընտանիքների սրտի մասին հոգալը, և բնակչության` զուտ կյանքը փրկելուն առնչվող ծախսերը»,-ասաց նա և համաձայնեց, որ սկզբունքը այդպես են մշակել, որովհետև ունեն ընդամենը 1500 ստենտավորման գումար և պետք է որոշեին` ինչպես հատկացնել, որ փրկեին շատերին՝ օբյեկտիվորեն զտելով: «Իսկ տրամաբանությունն այն է, որ եթե գումար ունենային, ապա նախապես կձեռնարկեին միջոցներ` կանխելու ինֆարկտը։ Եթե զարգացել է, ուրեմն չունի գումար: Եթե գումարի հատկացումը մեծանա, այդ ժամանակ կմտածենք թե ինչպես ձևը փոխենք»,-ասաց նա: Անպտուղ զույգերին ուղղվող օգնությունը ևս հանվել է, ըստ նախարարի, ծրագրի սղությունից ու անհնարինությունից ելնելով: «Տրված գումարը քիչ է, բաշխվում է սուբյեկտիվ, ու արդյունավետ չէ»,-ասաց նախարարը և նշեց, թե հիմա քննարկվում են բազմաթիվ այլ ծրագրեր, որոնք կարող են ավելի արդյունավետ լինել: Ինչ վերաբերում է պետպատվերի բաշխման սկզբունքներին, ապա նա նշեց, որ մյուս տարի կբաշխեն՝ ծառայությունները կենտրոնացնելով, ինչն էլ կհանգեցնի գների նվազմանը. սա ստենտի գների դեպքում ևս աշխատել է: «Նույն մոտեցումը կլինի մնացած ծառայությունների գծով»,-ասաց նախարարը:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.