Այս մեկը դու չպետք է ասեիր. թուրք պաշտոնյան «սպառնացել» է Կարո Փայլանին

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում վեճի է բռնվել Ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդի նախագահ Իլհան Յերլիքայայի հետ, գրում է թուրքական «Հաբեր Թյուրք» պարբերականը: Փայլանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ խորհուրդը որպես դիտորդ ընդունել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից 4, մնացած կուսակցություններից 2-ական պատգամավորների, մինչդեռ ժողովրդադեմոկրատականներից խորհուրդ է գործուղվել միայն մեկ պատգամավոր: «Ձեր խիղճը հանգի՞ստ է, կարծում եք, որ օբյեկտի՞վ եք եղել», - հարցրել է Փայլանը Յերլիքայային: Դրան ի պատասխան թուրք պաշտոնյան մեջբերում է արել թուրքական սերիալներից մեկի հերոսի խոսքերից և ասել հայազգի պատգամավորին. «Ամեն ինչ կարող էիր ասել, բայց այս մեկը դու չպետք է ասեիր»: Թուրքական gazeteduvar.com.tr կայքը Փայլանին ասված այս խոսքերը որակել է որպես հեգնական տոնով ասված սպառնալիք: Թուրք պաշտոնյան նաև հայտարարել է, որ իր ղեկավարած կառույցը գործել է բոլորովին անաչառ՝ եթերից վերացնելով անպարկեշտ ու մարդկանց կրոնական զգացմունքներն անարգող հաղորդումներն ու ֆիլմերը, ինչպես նաև փակելով մի շարք հեռուստաալիքներ:
Մեկնաբանություններ