Google-ը, Facebook-ը և Twitter-ը հրապարակել են ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին տվյալները

Google-ը, Facebook-ը և Twitter-ը հրապարակել են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին տվյալները: Ընկերությունները պնդում են, որ համացանցում կեղծ էջերից հրապարակվել են միլիոնավոր հրապարակումներ, որոնք ղեկավարել է «Ինտերնետային հետազոտությունների գործակալությունը»: Նոր տվյալները հայտնվել են ամերիկյան կոնգրեսում լսումների նախօրեին, որտեղ համացանցային հսկաները պետք է պարզաբանեն, թե ինչու իրենց հարթակները չեն խոչընդոտել ապատեղեկատվության տարածմանը: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված և ԱՄՆ օրենսդիրներին ուղղված գրավոր վկայությունը: Facebook-ը հայտնել է, որ երկու տարվա ընթացքում համացանցում Ռուսաստանի շահերի հետ կապված 80 հազար հրապարակում տեսել է 126 միլիոն ամերիկացի կամ երկրի բնակչության մոտ 40 տոկոսը: Google-ը պնդում է, որ ռուսամետ բովանդակությունը տարածվել է իրեն պատկանող YouTube տեսահոսթինգի միջոցով: Ընկերությունը հաշվարկել է 17 ալիք, որոնք հրապարակել են 43 ժամ ընդհանուր տևողությամբ 1108 ռուսամետ տեսանյութ: 2015 թվականի հունիսից մինչև 2016 թվականի նոյեմբերը դրանք ունեցել են 309 հազար դիտում: Facebook-ը և Google-ը պնդում են, որ բովանդակության ստեղծմանը ներգրավված է եղել «Ինտերնետային հետազոտությունների գործակալությունը»: Twitter-ի հաշվարկներով՝ պարզվել է, որ այդ ընկերության հետ կապված է եղել միկրոբլոգների հարթակի 2,7 հազար էջ: Շատ թվիթներ էջերում հրապարակվել են մեխանիկորեն: 2016 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2016 թվականի նոյեմբերի 15-ը, ծառայության տվյալներով, այդ էջերը հրապարակել են Ռուսաստանի հետ կապված 1,4 միլիոն հաղորդագրություն: Ավելի վաղ Facebook ընկերության փոխնախագահ Էլիոթ Շրագեն պաշտոնական բլոգում հայտնել է, որ ընկերությունն ԱՄՆ Կոնգրեսին կփոխանցի ԱՄՆ ընտրություններին ՌԴ միջամտության հետաքննության հետ կապված տվյալներ: Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ հանձնարարել է փոխանցել հայտնաբերված գովազդը Կոնգրեսին: Նա նշել էր, որ մինչ այժմ հայտնաբերվել է խնդրահարույց տեղեկատվության համեմատաբար փոքր ծավալ, սակայն ընտրություններին միջամտության ցանկացած փորձ լուրջ խնդիր է: Facebook-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ում նախընտրական արշավի ընթացքում ռուսական բոտերը գովազդ էին գնում այդ սոցիալական ցանցում նախընտրական արշավի արդյունքների վրա ազդեցություն գործելու համար:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.