Սիցիլիայում մաֆիայի «կնքահայրը» պատվիրել է դստեր սպանությունը՝ ոստիկանի սիրելու համար

Սիցիլիայում գործող «Բաջերիա» հանցավոր սինդիկատի պարագլուխ Պինո Սկադուտոն պատվիրել է իր իսկ դստեր սպանությունը՝ տեղեկանալով, որ աղջիկը սիրավեպ է սկսել իրավապահ մարմինների ներկայացուցչի հետ: Ինչպես նշում է The Guardian-ը, «կնքահայրը» բանտում գտնվելու ժամանակ տեղեկացել է «անցանկալի մարդու» հետ դստեր սիրային կապի մասին: Ընթացիկ տարվա ապրիլին բանտից ազատվելուց հետո նա որդուն կարգադրել է սպանել քրոջը: «Քույրդ տեղեկատու է դարձել»,- որդուն ասել է Սկադուտոն: Սակայն 30-ամյա տղան հրաժարվել է՝ ասելով, որ եթե հայրն ուզում է նման բան անել, ուրեմն թող անձամբ անի ու իրեն չխառնի այդ գործին: Մաֆիայի պարագլուխը վստահ է եղել, որ եթե ինքը ճաղերի հետևում չլիներ, դուստրը երբեք չէր համարձակվի ոստիկանի հետ կապվել: Երբ Սկադուտոն սպանության առաջարկով դիմել է մեկ այլ մարդու, վերջինս հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ դա ներընտանեկան հարց է: «Կնքահոր» ձերբակալության մասին հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն: «Մաֆիայի ներկայացուցիչներն իրենց ներկայացնում են որպես պատվի մարդիկ: Սակայն որտե՞ղ է պատիվը՝ սեփական երեխայի սպանությունը պատվիրելու մե՞ջ»,-հռետորական հարց է հղել Ալֆանոն: Հայտնի է, որ Սկադուտոյից զատ ձերբակալվել է նրա հանցավոր կլանի ևս 15 անդամ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.