Ջիգարխանյանի կինը լքել է Ռուսաստանը՝ խոստանալով կրքերը հանդարտվելուն պես վերադառնալ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի կինը՝ նրանից 44 տարով փոքր Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, ներընտանեկան սկանդալի ֆոնին լքել է Ռուսաստանը: Սակայն 38-ամյա կնոջ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Մազուրը ria.ru-ի հետ զրույցում ասել է, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան կվերադառնա, երբ կրքերը հանդարտվեն: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող կինը մոր հետ մեկնել է Թբիլիսի, որտեղից էլ պատրաստվում է Կիև գնալ: «Վիտալինան կիրակի օրը մոր հետ մեկնել է Ռուսաստանից, քանի որ գտնում է, որ իրենից պահանջվող ամեն բան արել է: Նա իր կամքի համաձայն հրաժարական է տվել Ջիգարխանյանի անվան թատրոնի տնօրենի պաշտոնից ու համաձայնել է ամուսնալուծվել դերասանի հետ: Վիտալինան մեկընդմիշտ չի մեկնել Ռուսաստանից: Նա, անկասկած, հետ է գալու, երբ իրավիճակը հանդարտվի»,-մանրամասնել է Մազուրը: Մինչդեռ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մայրը հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովի թոք շոուի շրջանակում պատմել է, որ դուստրը վախենում էր, որ Ռուսաստանում իրեն կսկսեն հետապնդել: Skype-ի միջոցով հաղորդմանը մասնակցած Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ընդգծել է, որ ինքը որևէ ապօրինի բան չի արել ու ակնկալում է, որ այս պատմությունը խելամիտ ավարտ կունենա: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին 82-ամյա Ջիգարխանյանը հոսպիտալացվել էր կնոջ հետ ընտանեկան վեճի հետևանքով առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով: Այնուհետև դերասանը հայտարարել էր, որ կինն իսկական գող է ու սրիկա, որը յուրացրել է իր ամբողջ կարողությունը՝ այդ թվում նաև մի քանի բնակարան: Հետո Ջիգարխանյանը հայտարարել էր, որ թատրոնում գողացել են իր անձնագիրը, ինչին հաջորդել էր իրավապահների խուզարկությունը դերասանի հիմնած դրամատիկական թատրոնի շենքում:
Մեկնաբանություններ