ՀՀ ԱԺ նախագահը Դուշանբեում հանդիպումներ է ունեցել Տաջիկստանի նախագահի և ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 30-ին հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության ընթացիկ վիճակին և զարգացման հեռանկարներին, միջխորհրդարանական համագործակցությանը, նախանշել տարբեր ոլորտներում փոխգործակցության ուղղությունները: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-տաջիկական հարաբերությունները կառուցված են Հայաստանի և Տաջիկստանի ժողովուրդների միջև բարեկամության ամուր ավանդույթների, հարգանքի և փոխադարձ համակրանքի վրա ու համոզմունք հայտնել, որ այս տարվա հունիսին Էմոմալի Ռահմոնի կատարած պաշտոնական այցը Հայաստան նոր ազդակ հաղորդեց երկկողմ հարաբերություններին: Կողմերը հույս են հայտնել, որ ՀՀ ԱԺ նախագահի այցը ևս նոր խթան կհանդիսանա Հայաստանի և Տաջիկստանի միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը` ի նպաստ երկու բարեկամ երկրների և ժողովուրդների: Այս համատեքստում կողմերն ընդգծել են բարեկամական խմբերի արդյունավետ փոխգործակցությունը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանի և Տաջիկստանի միջև ձևավորված է անհրաժեշտ իրավապայմանագրային հիմք, որն ընդգրկում է համագործակցության բոլոր ոլորտները: ՀՀ խորհրդարանի ղեկավարի խոսքով` առկա է անհրաժեշտ ներուժ փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացման համար: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել մասնավորապես տնտեսության, գիտության, կրթության, ինչպես նաև մշակութային և հումանիտար ոլորտներում կապերի սերտացման կարևորության շուրջ: Զրուցակիցները խոսել են միջազգային հարթակներում երկկողմ համագործակցության մասին, անդրադարձել տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին դիմակայելու համատեղ ջանքերին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հակամարտությունների կարգավորմանը: Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծումը խաղաղ բանակցությունների ճանապարհով: Տաջիկստանի Հանրապետության նախագահի հետ հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահը լրատվամիջոցների համար հանդես է եկել հայտարարությամբ: Արա Բաբլոյանը, նշելով, որ իր գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Տաջիկստանի Հանրապետությունում է երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի նախաձեռնությամբ, հատկանշական է համարել, որ խորհրդարանական պատվիրակության այցն իրականանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ հոբելյանական տարում: «Հայ-տաջիկական հարաբերությունները կառուցված են պատմական և բարեկամական ամուր հիմքերի վրա: Հայաստանն անկախության վերականգնման առաջին օրվանից մեծ նշանակություն է տալիս բարեկամ Տաջիկստանի հետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը և երկու երկրների միջև արդյունավետ կապերի ձևավորմանը, որոնք այսուհետ ևս կխորանան և կամրապնդվեն: Այս տարվա հունիսին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի պաշտոնական այցը Հայաստան նոր ազդակ հաղորդեց երկկողմ հարաբերությունների ողջ ներկապնակին: Ձեռք բերված պայմանավորվածությունների իրացումը կնպաստի քաղաքական երկխոսության առավել ընդլայնմանը, փոխշահավետ համագործակցությանը առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում: Մենք գնահատում ենք Տաջիկստանի իշխանությունների վերաբերմունքը հայկական համայնքի նկատմամբ, որը մեր երկու երկրներին և ժողովուրդներին կապող կարևոր օղակ է: Հույս ունեմ, որ մեր պաշտոնական այցը կնպաստի նաև օրենսդիր իշխանությունների միջև փոխգործակցության հետագա ակտիվացմանը: Մենք հատուկ նշանակություն ենք տալիս Հայաստանի և Տաջիկստանի օրենսդիր մաիմինների և խորհրդարանականների միջև համագործակցության զարգացմանը` հիմնված երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության պայմանագրի դրույթների վրա: Մեր բոլոր ջանքերն ուղղված կլինեն խաղաղության հաստատմանն ու պահպանմանը և մեր ժողովուրդների բարեկեցությանը»,-ասել է պարոն Բաբլոյանը: Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխհամագործակցության հեռանկարները` ընդգծելով, որ երկու երկրների միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ: Համագործակցության աշխուժացման հարցում զրուցակիցներն անհրաժեշտ են համարել փոխայցերի ակտիվացումը և տարբեր միջազգային հարթակներում հանդիպումները: Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը. այս հարցում մեծ դեր է վերապահվել հայ-տաջիկական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովին և հայ-տաջիկական գործարար համաժողովին: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Սասուն Միքայելյանը և Ռոմիկ Մանուկյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.