
Ֆինլանդիայի ազգային ավիափոխադրող Finnair Oyj-ը որոշել է կշռել ուղևորներին. նորամուծությունն ուժի մեջ կմտնի մոտ օրերս: Այս մասին հայտնում է Yle գործակալությունը:
Նշվում է, որ կշռվելը կամավոր կլինի, իսկ տվյալները՝ գաղտնի: Դրանք կկարողանան ստանալ միայն ուղևորները, իսկ տվյալների բազա մուտքագրվող տեղեկությունը չի պարունակի ուղևորների անունները:
Աղբյուրի հաղորդմամբ՝ այսկերպ ավիափոխադրողը մտադիր է իմանալ ուղևորների և նրանց ձեռքի ուղեբեռի քաշը, ինչն անհրաժեշտ է ինքնաթիռի բեռնման օպտիմալացման համար: Դրանից բացի, ավիաընկերության ներկայացուցիչները ցանկանում են իմանալ՝ ինչքան է ուղևորների քաշը տարբերվում ամառային և ձմեռային հագուստով, ինչպես նաև՝ զբոսաշրջիկների և գործարարների ուղեբեռի քաշը:
Finnair Oyj-ը Ֆինլանիդայի խոշորագույն ավիաընկերությունն է և տեղակայված է Հելսինկի-Վանտաա միջազգային օդանավակայանում: 2016 թվականի տվյալների համաձայն՝ ավիաընկերությունը սպասարկել է մոտ 10.9 միլիոն ուղևորի: