2018-ին կշարունակվի հարկաբյուջետային կոնսոլիդացումը՝ եկամուտների չեզոք, իսկ ծախսերի զսպող ազդակի դրսևորմամբ. ԿԲ նախագահ

«2017թվականի տարեսկզբից սկսած ՀՀ-ում արձանագրվում է տնտեսական աճի բարձր մակարդակ, որը պայմանավորված է համաշխարհային տնտեսության աճի վերականգնմամբ և ներքին պահանջարկի շարունակական աճով»,- այս մասին այսօր խորհրդարանում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։ Նրա տեղեկացմամբ՝ տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է 6 տոկոս տնտեսական աճ և ակնկալվում է, որ տարվա արդյունքում տնտեսական աճը զգալիորեն կգերազանցի կառավարության կողմից կանխատեսված և 2017 թվականի պետբյուջեի հիմքում դրված 3,2 տոկոս ցուցանիշը։ «Գնահատվում է, որ 2017 թվականին պետբյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 3,6 տոկոսը, 2 տոկոսային կետով զիջելով 2016 թվականի պակասուրդի փաստացի մակարդակը»,- ասաց ԿԲ նախագահը։ Անդրադառնալով 2018 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծին, Ջավադյանն ասաց, որ կանխատեսվում է ՀՆԱ-ի 5,5 տոկոս իրական աճ, որին հիմնականում կնպաստեն ծառայությունների և արդյունաբերության ճյուղերը։ Արթուր Ջավադյանը հայտնեց, որ 2018 թվականին կշարունակվի հարկաբյուջետային կոնսոլիդացումը՝ եկամուտների չեզոք, իսկ ծախսերի զսպող ազդակի դրսևորմամբ. «Պետական բյուջեի եկամուտների մասով 2018 թվականի բյուջեի ծրագրերի շրջանակներում ակնկալվում է ՀՆԱ-ի նկատմամբ վարկային եկամուտների տեսակարար կշռի 2017 թվականի սպասվողի համեմատ ընդամենը 0,1 տոկոսային աճ, որի պարագայում հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կկազմի 21,3 տոկոս»։ Ինչ վերաբերում է պետական բյուջեի ծախսերի կատարման գործընթացին, ԿԲ նախագահն ասաց, որ հաշվի առնելով պետբյուջեի պակասորդի շարունակական կրճատումը ՀՆԱ-ում, պետական ծախսերի նախատեսված նվազեցման իրականացումն առանց կապիտալ ծախսերի կարևոր գործոն է երկարաժամկետ տնտեսական աճի ապահովման և պարտքի կայունացման համար։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.