Օսկարակիր դերասան Քևին Սփեյսին հայտարարել է միասեռական լինելու մասին

Օսկարակիր դերասան Քևին Սփեյսին հայտարարել է, որ սեռական հարաբերություններ է ունեցել և՛ կանանց, և՛ տղամարդկանց հետ, սակայն այժմ նախընտրում է ապրել իր կյանքը որպես միասեռական, հայտնում է Reuters գործակալությունը: «Կասկածելի դեմքեր» և «Գեղեցկություն ամերիկյան ձևով» ֆիլմերի համար «Օսկար» մրցանակի արժանացած 58-ամյա Սփեյսին իր հայտարարությունն արել է Twitter-ում արած գրառման միջոցով: Նա նույն գրառման մեջ ներողություն է խնդրել «Սթարթրեք» ֆիլմի դերասան Էնթոնի Ռեփից 1986 թվականին տեղի ունեցած միջադեպի համար, որի մասին ավելի վաղ հայտնել էր Ռեփը: Վերջինիս խոսքով՝ նա այդ ժամանակ 14 տարեկան է եղել և նոր էր սկսում իր կարիերան, երբ Սփեյսիի կազմակերպած երեկույթի ժամանակ հյուրերի հեռանալուց հետո դերասանը նրան պառկեցրել է անկողնու վրա և պառկել նրա վրա, ինչից հետո Ռեփը հրել է նրան և հեռացել: Սփեյսին նշել է, որ ցնցված է հանդիպման մասին Ռեփի պատմածից։ «Ես անկեղծորեն խոստովանում եմ՝ չեմ հիշում, որովհետև դա տեղի է ունեցել ավելի քան 30 տարի առաջ»,- ասել է նա: Դերասանը հավելել է, որ եթե իսկապես իրեն պահել է այնպես, ինչպես Ռեփն է նկարագրել, ապա «անկեղծ ներողություն» է խնդրում Ռեփից «անպատշաճ հարբած պահվածքի» և դրանից հետո տարիներ շարունակ նրան պատճառած ապրումների համար: Սփեյսին նշել է, որ Ռեփի պատմությունն իրեն դրդեց անդրադառնալ իր կյանքի այլ կողմերին: «Իմ մտերիմները գիտեն, որ ես հարաբերություններ եմ ունեցել և՛ տղամարդկանց, և՛ կանանց հետ: Ես սիրել և հանդիպել եմ տղամարդկանց հետ իմ ամբողջ կյանքի ընթացքում, և այժմ ես նախընտրում եմ ապրել իմ կյանքը որպես միասեռական»,- ասել է նա: «Ես ցանկանում եմ դրան ազնիվ և բացահայտ ձևով անդրադառնալ»,-հավելել է նա։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.