Ստորագրվելիք համաձայնագիրը ՀՀ-ԵՄ հարաբերությունների մակարդակի որակական բարձրացում է ենթադրում. Արմեն Աշոտյանը`Եվրանեսթ ԽՎ-ում

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 30-ին ելույթ է ունեցել Կիևում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում, որտեղ անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ փուլին: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն իր խոսքում կարևորել է նոյեմբերին Բրյուսելում նախատեսված Արևելյան գործընկերության գագաթաժողովում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը նշել է, որ ստորագրվելիք համաձայնագիրը ենթադրում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների մակարդակի որակական բարձրացում, ինչն իր հերթին հնարավորություն է ստեղծելու առավել ակտիվ համագործակցության համար: Արմեն Աշոտյանը նաև նշել է, որ համաձայնագրի քաղաքական մասը գրեթե նույնն է, ինչ ասոցացված երկրներինը և այս առնչությամբ ընդգծել, որ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի շրջանակում Հայաստանը ԵՄ-ից ակնկալում է քաղաքական աջակցություն դատական համակարգի արդյունավետության բարձրացման, ժողովրդավարության ինստիտուտների կատարելագործման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում: Իր ելույթում Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման ներկա բանակցային գործընթացին և նշել, որ այժմ բանակցությունները մեծապես ընթանում են խաղաղ կարգավորման համար բուն բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ: Հարցի առնչությամբ Արմեն Աշոտյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը եղել և մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերի և ձևաչափի շրջանակում, ընդգծել է նաև հարցի կապակցությամբ Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումն առ այն, որ Արևելյան գործընկերության երկրներում առկա բոլոր հակամարտություններն ունեն եզակի բնույթ և պահանջում են տարբերակված մոտեցում: Արևելյան գործընկերության ապագայի հետ կապված Արմեն Աշոտյանը կարևորել է գագաթաժողովից հետո որակական նոր հարաբերությունների համատեքստում նոր մոտեցումների և, միգուցե, նաև «Արևելյան գործընկերություն +» ձևաչափի ստեղծումը` նպատակ ունենալով Արևելյան գործընկերության երկրների առավել արդյունավետ համագործակցության համար միավորող նոր լուծումներ գտնել:
Մեկնաբանություններ