ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Դուշանբե

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Սասուն Միքայելյանը և Ռոմիկ Մանուկյանը, պաշտոնական այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ–ից, հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահը և պատվիրակության անդամները Դուշանբեում հանդիպումներ են ունեցել Տաջիկստանի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Շուքուրդջոն Զուխուրովի և Վերին պալատի նախագահ Մահմադսայիդ Ուբայդոլլոևի հետ: Հանդիպումների ընթացքում կողմերը փաստել են, որ հայ-տաջիկական հարաբերություններն արդյունավետ զարգանում են, առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել այսուհետ ևս զարգացնելու միջխորհրդարանական համագործակցությունը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ այս տարի լրանում է հայ-տաջիկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և ավանդական բարեկամության ու փոխըմբռնման վրա հիմնված համագործակցությունն ամրապնդվում է տարբեր ուղղություններով: Միջպետական կապերի առավել խորացման հարցում ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է պետական մակարդակով փոխայցերը և այս համատեքստում ընդգծել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի կատարած այցը Հայաստան: Անդրադարձ է կատարվել երկու երկրների օրենսդիր մարմինների համագործակցությանը: Կողմերն ընդգծել են, որ միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում կարևոր նշանակություն կարող են ունենալ խորհրդարաններում գործող բարեկամական խմբերը: Քննարկվել են միջխորհրդարանական կառույցներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Պարոն Բաբլոյանի գնահատմամբ` կողմերը պետք է այս հարթակում օգտագործեն առկա ներուժը` նպաստելու երկկողմ շահավետ որոշումների ընդունմանը: Արա Բաբլոյանը կարևորել է Հայաստանի և Տաջիկստանի պատվիրակների արդյունավետ համագործակցությունը մասնավորապես ԱՊՀ ՄԽՎ-ում և ՀԱՊԿ ԽՎ-ում: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է Տաջիկստանի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքն իրենց երկրում ապրող հայկական համայնքի նկատմամբ: Անդրադարձ է կատարվել նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը: Խորհրդարանների ղեկավարները փաստել են, որ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Կողմերն անդրադարձել են նաև առևտրատնտեսական ոլորտում փոխհամագործակցության զարգացմանը և հեռանկարային ծրագրերի իրականացմանը:
Մեկնաբանություններ