Իրաքյան Քրդստանում զինված անձինք հարձակվել են խորհրդարանի շենքի վրա

Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք էրբիլում հարձակում է տեղի ունեցել խորհրդարանի շենքի վրա, այս մասին հայտնում է gazeteduvar.com.tr կայքը: Ամբոխը ներխուժել է խորհրդարանի բակ, իսկ մի շարք զինված անձինք կարողացել են նաև շենքի ներս մտնել: Նշվում է, որ զինված անձինք ներսում պատանդներ են վերցրել: «Քրդստանի դեմոկրատական կուսակցության» անդամ հանդիսացող ակտիվիստները հարձակվել են ոչ միայն խորհրդարանի, այլև քրդական մի շարք այլ կուսակցությունների գրասենյակների վրա: Քրդստանում գտնվող դեսպաններն ու հյուպատոսները կոչ են արել միջազգային կառույցներին ու լրատվամիջոցներին միջամտել առկա իրավիճակին: Այլ տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում: Հիշեցնենք, որ նախօրեին Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է նոյեմբերի 1-ին՝ նախագահության ժամկետի լրանալուց հետո նույն պաշտոնում առաջադրվելու ցանկության բացակայության մասին: Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը: Օրեր առաջ Իրաքի ուժերը սկսել էին երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգան» զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.