Իրանի նախագահը հրաժարվել է հանդիպել Թրամփի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ. Fars

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հրաժարվել է անձնական հանդիպում ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Նյու Յորքում անցած ամիս անցկացված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Այդ մասին հայտնում է Fars գործակալությունը՝ վկայակոչելով իրանցի վերլուծաբան Մահդի Ֆազաելիին: «ԱՄՆ նախագահ Թրամփը հրավիրել է Ռոուհանին հանդիպման, բայց մեր նախագահը մերժել է առաջարկը»,- ասել է նա: Նշելով, որ հրավերը հնչել է ՄԱԿ-ում Թրամփի հակաիրանական ելույթի հաջորդ օրը՝ Ֆազաելին պատմել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձել է միջնորդ հանդես գալ և համոզել Ռոուհանիին ընդունել այդ հրավերը: Վերլուծաբանի խոսքով՝ ԱՄՆ-ն արդեն մի քանի անգամ հանդես է եկել նման նախաձեռնությամբ: «Ամերիկացիները վստահ են, որ այդ բանակցությունները նրանց օգուտ կտան, բայց Իրանին դրանք վնասից բացի այլ բան չեն տա»,- նշել է նա: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին հաստատել է վերլուծաբանի խոսքերը՝ նշելով, որ «ամերիկյան կողմը ցանկություն է հայտնել բարձր մակարդակով հանդիպում անցկացնել, բայց Իրանի նախագահը մերժել է հրավերը»: Միևնույն ժամանակ, Ղասեմին հերքել է Մակրոնի միջնորդական ջանքերը՝ հայտարարելով, որ «Ֆրանսիայի նախագահին վերաբերող տեղեկությունը ճիշտ չէ»:
Մեկնաբանություններ