Թոշակների բարձրացումը եկամուտների աճին զուգահեռ անխուսափելի է. Արամյան

ԱԺ-ում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ դիմելով հիմնական զեկուցող Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին՝ նշեց, թե եկել ասում են, թե հաշվի առնելով հնարավորությունները՝ 3 տարի աշխատավարձ, թոշակ չեն բարձրացնելու: «Համաչափ որոշակի տրամաբանություն պետք է լինի, թե չէ գնաճ կլինի, աշխատավարձ չեք բարձրացնի, անունը կդնեք կապիտալ ծախսի վրա եք տանում, բայց դրա էֆեկտը կարող է լինել այն, որ 2 տարի հետո պարզվի, որ էլի 4 տարի է պետք»,-ասաց նա: Վարդան Արամյանը չհասկացավ, թե ի վերջո պատգամավորն ինչ է վիճարկում: «Վիճարկում ենք էն, որ էս երկրում, ի վերջո, նվազագույն թոշակներն ու աշխատավարձերը պետք է բարձրանան, թե չէ հայտարարել եք` 3 տարի չեն բարձրանալու»,-բացատրեց Մելքումյանը: Վարդան Արամյանը համաձայնեց պատգամավոր հետ, բայց միաժամանակ հավելեց, որ նվազագույն աշխատավարձեր են պետք, որոնք սոցիալական գործիք կծառայեն դրա համար: «Ճիշտ եք ասում, տնտեսությունը պետք է աճի ու հետևից քաշելու է նաև աշխատավարձերը, և երբ ժամանակի ընթացքում գործազրկությունը սկսում է ավելի ագրեսիվ նվազել, այստեղ տնտեսությունը սկսում է նաև արտադրողականության հաշվին աշխատել և աճ արձանագրել, դա անխուսափելի է : Բայց մյուս կողմից էլ, բնականաբար, պետությունը պետք է հաշվի նստի սրա հետ, որ սոցիալական գործիքները ներդնի և նվազագույն աշխատավարձը բարձրացնի. սոցիալական խնդիրներն այս կերպ թիրախավորված կլինեն»,-ասաց նա: Թոշակների բարձրացումն, ըստ Արամյանի, եկամուտների աճին զուգահեռ անխուսափելի է, սակայն խնդիրը հետևյալն է՝ ինչպես և երբ: «Ինչպես–ի պատասխանը հիմա պարզ է. հարգելի գործընկերներ, մեր քաղաքական թիմն ասում է, որ մենք այսօր խնդիր ունենք լուծելու. դու չես կարող վազել 10 հատ նապաստակի հետևից, պետք է թիրախավորես մեկը կամ երկուսը` ամենակարևորներին, որպեսզի մյուս հարցերը լուծես: Վազեցիր 10 նապաստակի հետևից՝ դատապարտված ես ձախողման: Մենք ունենք հստակ տեսլական։ Երբ ներկայացրեցինք 2017թ-ին, ասացինք` կայունացնելու ենք, 2018թ-ին ունենալու ենք զարգացման աճ և մենք վստահ ենք, որ ջանքերը արդարացված են և, միաժամանակ, դրա հետևից սոցիալական խնդիր ենք լուծելու»,-ասաց նա: Վարդան Արամյանը նշեց, թե ինքը թոշակառուի առջև ավելի ազնիվ կլինի, եթե ասի՝ «գիտեք ինչ, հիմա, եթե բարձրացնում եմ 5000 դրամով ձեր թոշակը, բյուջեի մեջ ստեղծում եմ 25 մլրդի լրացուցիչ պահանջ»: «Բայց ես դա ի զորու եմ ներքին տնտեսության և ներքին կարողության աճի հաշվին անել՝ միջնաժամկետում և երկարաժամկետում ապահովել, ոչ թե պարտք եմ վերցնելու և ձեր թոշակները վճարեմ»,- եզրափակեց նախարարը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.