Բյուջեն այս առումով գնահատում եմ որպես բացարձակապես ոչ ադեկվատ. Նիկոլ Փաշինյան

2018 թվականի պետական բյուջեի վերաբերյալ մենք ունենք մի շատ կարևոր փաստ՝ արդեն 3 տարի կենսաթոշակները, սոցիալական և ընտանեկան նպաստները չենք բարձրացրել, բայց դրան զուգահեռ ունենք գնաճ: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նման հայտարարություն արեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա նկատեց՝ գնաճը շարունակվելու է: Պատգամավորը շեշտեց, որ վերոնշյալին գումարվելու է նաև այն, որ 2018 թվականի հունվարին ուժի մեջ են մտնելու ԵԱՏՄ մաքսային նոր դրույքաչափերը, որոնք, ըստ նրա, լայն սպառման բազմաթիվ ապրանքների գները բարձրացնելու են: Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ այս ամենը լուրջ սոցիալական հետևանքներ է թողնելու։ «Բյուջեն այս առումով գնահատում եմ որպես բացարձակապես ոչ ադեկվատ», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: Վերջինիս հետ համաձայնեց նաև ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը և հավելեց, թե երբ խոսում են պաշտոնական գնաճի տոկոսների մասին, ապա պետք հիշել, որ 2017 թվականին առաջին անհրաժեշտության որոշ ապրանքներ կրկնակի են թանկացել: «Պետք է հաշվի առնել, որ շատ ավելին է լինելու քաղաքացիների գնողունակության անկումը, քան պարզապես թվերն են: Սրան գումարած՝ նաև 2018 թվականին գործելու են հարկային օրենսգրքի փոփոխությունները, որոնցով տարբեր խավերից գանձվող գումարներն ավելանալու են, հարկային բեռն ավելանալու է տարբեր խավերի վրա»,- նշեց նա: Գորգիսյանը նկատեց՝ մի կողմից հարկային բեռն է ավելանում, մյուս կողմից՝ գնաճ է լինում, զուգահեռ սոցիալական ապահովության ոլորտում ավելացումներ չեն լինում։ «Մեզ շատ լուրջ ճգնաժամային տարի է սպասվում»,- եզրափակեց Գևորգ Գորգիսյանը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.