
Բելգիայում լույս երկուշաբթի տեղի ունեցած թուրք-քրդական բախման հետևանքով վիրավորվել է 4 մարդ, ձերբակալվել՝ 40-ը, այս մասին տեղեկանում ենք
РИА Новости գործակալությունից:
Հայտնի է, որ Անտվերպեն քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով տուժածներից մեկը ոստիկան է: Բախումներին մասնակցած կարգազանցները կրել են անօրինական զենք:
Բելգիայի երկրորդ խոշոր քաղաքում թուրք-քրդական բախումները սկսվել են չորս օր առաջ՝ ուրբաթ երեկոյան:
Քուրդ ակտիվիստները հավաքի ընթացքում պահանջել են Թուրքիայում ահաբեկչական հայտարարված «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հիմնադիր ու առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ազատ արձակումը, ինչը դուր չի եկել տեղի թուրքական համայնքին:
Երբ բախմանը փորձել են միջամտել ոստիկանները՝ ծեծկռտուքի մասնակիցները դիմադրություն են ցույց տվել մահակների ու երկաթե ձողերի միջոցով, ինչպես նաև շշեր նետել իրավապահների ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը: