ԱՄՆ-ն ռազմավարական միջուկային ուժերի զորավարժություններ է սկսում, ինչի մասին տեղեկացրել է ՌԴ-ին

Միացյալ Նահանգները հոկտեմբերի 30-ին սկսում է Global Thunder ռազմավարական միջուկային ուժերի զորավարժությունները: Այդ մասին ասված է ԱՄՆ ռազմավարական հրամանատարության (STRATCOM) մամուլի հաղորդագրությունում: STRATCOM-ի ներկայացուցիչ Բրայան Մագուիրը հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին, որ ամերիկյան կողմը նախապես զգուշացրել է Ռուսաստանին: Մագուիրը նշել է, որ համաձայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև գործող համաձայնագրերի՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը պարտավոր են միմյանց տեղեկացնել խոշոր միջուկային զորավարժությունների մասին: Նա հավելել է, որ զորավարժությունների շրջանակում մշակվելու են տիեզերական ուժերի, տեսահսկման և հետախուզության համակարգերի, գլոբալ հարվածի համակարգերի և հակահրթիռային պաշտպանության միջոցների հնարավորությունները, ինչպես նաև՝ կիբեռհնարավորությունները: Մագուիրն ընդգծել է, որ նման զորավարժություններ անցկացվում են ամեն տարի:
Մեկնաբանություններ