Կատալոնիայի ինքնավարությունը կարող է ընդլայնվել. Իսպանիայի արտգործնախարար

Իսպանիայի արտգործնախարար Ալֆոնսո Դաստիսը չի բացառել, որ Կատալոնիայում տիրող ճգնաժամը կարող է բերել տարածաշրջանի ինքնավարության կարգավիճակի ընդլայնման: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը: «Ես բացառում եմ անկախությունը, սակայն չեմ բացառում մեծ ինքնավարությունը, նույնիսկ եթե այժմ նրանք ամենալայն լիազորություններով և իրավասություններով տարածաշրջաններից մեկն են ոչ միայն Իսպանիայում, այլ նաև ամբողջ աշխարհում», - ասել է Դաստիսը: Նախարարի խոսքով՝ ժեներալիտետի ղեկավարի պաշտոնից հեռացված Կառլես Պուչդեմոնը «տեսականորեն» կարող է մասնակցել դեկտեմբերին անցկացվելիք տարածաշրջանային ընտրություններին: «Ես չգիտեմ՝ ինչպիսի դատական գործընթաց տեղի կունենա ներկա պահից մինչև դեկտեմբերի 21-ը: Եթե նա մինչև այդ չբանտարկվի, կարծում եմ՝ նա զրկված չէ ընտրություններին մասնակցելու իրավունքից», - նշել է Դաստիսը: Հիշեցնենք, որ երեկ Պուչդեմոնը հայտարարել էր, որ մտադիր չէ հեռանալ իր պաշտոնից և կատալոնացիներին կոչ էր արել «ժողովրդավարական դիմադրություն» ցույց տալ Մադրիդին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.