Դիլիջանում բացվել է ապրիլյան պատերազմում զոհված տղաների հիշատակը հավերժացնող այգի. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Դիլիջանում հոկտեմբերի 25-ին բացվել է 2016թ. ապրիլյան պատերազմում զոհված տղաների հիշատակը հավերժացնող այգի։ Այն գտնվում է Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի հարակից տարածքում։ Ծրագիրը կյանքի է կոչվել «Երիտասարդական գաղափարներ» հասարակական կազմակերպության կողմից։ Կազմակերպությունը պատանի և երիտասարդ կամավորների օգնությամբ դեռևս գարնանը իրականացրել է ծառատունկ. տնկվել է հերոսների հիշատակին նվիրված անվանական 100 ծառ: Ամբողջ ամռան ընթացքում տնկիները ջրվել, խնամվել են։ Ուշագրավ է, որ գարնանը ծառերը տնկած շատ տղաներ արդեն զորակոչվել են բանակ։ Այգում կանգնեցված ցուցանակը հավերժացնում է ապրիլյան պատերազմում զոհված տղաների անունները։ Հասարակական կազմակերպությունն առաջիկայում նախատեսում է բարեկարգել այգին, տեղադրել նստարաններ։ Այգու բացմանը ներկա էին ապրիլյան պատերազմում զոհված դիլիջանցի Վլադիմիր Ալիխանյանի մայրն ու եղբայրը։ Նշենք, որ ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում
Մեկնաբանություններ