
Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խնդրանքով հրաժարականի դիմում ներկայացնելու մասին։
Այս մասին տեղեկացնում է Hurriyet պարբերականը։
«Ես հեռանում եմ ոչ այն պատճառով, որ գործունեությունս չի հաջողվել։ Հեռանում եմ, քանի որ Էրդողանն է խնդրել դա անել։ Ես իրականացնում եմ Էրդողանի հանձնարարությունն ու հրաժարական եմ տալիս»,–ասել է նա։
Գյոքչեքը Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչն է։ Նա Անկարայի քաղաքապետի պաշտոնում առաջին անգամ ընտրվել է 1994 թվականին և դրանից հետո 4 անգամ վերընտրվել է։
Թուրքական լրատվամիջոցների համոզմամբ՝ Գյոքչեքի հրաժարականը պայմանավորված է Էրդողանի որդեգրած քաղաքական կուրսով, ըստ որի նա թարմացնում է իր ղեկավարած կուսակցության շարքերը։