Google-ի մասնագետը պարզել է, որ iPhone-ի խցիկը կարող է հետևել օգտատերերին

Ամերիկյան Google կորպորացիայի մասնագետ Ֆելիքս Կրաուզեն պարզել է, որ iPhone սմարթֆոնի խցիկը կարող է նկարահանել օգտատերերին՝ առանց նրանց իմացության: Մասնագետի հետազոտությանն անդրադարձել է РИА Новости-ն: «Հաճախ օգտատերերը հավելվածների ներբեռնումից անմիջապես հետո հաստատում են խցիկին հասանելիությունը: Այս հավելվածները՝ մեսենջերները, նորությունների ռեսուրսները և այլն, հեշտությամբ կարող են հետևել օգտատիրոջ դեմքին, լուսանկարներ անել կամ առցանց հեռարձակում իրականացնել հիմնական կամ դիմացի խցիկի միջոցով», - ասվում է Կրաուզեի բլոգում հրապարակված հետազոտության մեջ: Մասնագետի կարծիքով՝ այս կերպ հավելվածները կարող են ստուգել օգտատերերի տրամադրությունը և նկարահանել նրանց շրջապատող ամեն բան և մարդկանց: Նշվում է, որ Կրաուզեն տեղեկացրել է այս մասին Apple ընկերությանը և առաջարկել նրան խցիկի աշխատանքի վերաբերյալ ծանուցումներ մշակել: «Պաշտպանվելու միակ միջոցը կպչուն ժապավենի կամ հատուկ կազմի միջոցով խցիկն արգելափակելն է: Այս միջոցն օգտագործում են շատ մարդիկ, այդ թվում՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը», - գրել է նա:
Մեկնաբանություններ