Նոյեմբերի կլիմայական բնութագիրը եւ ամսական կանխատեսումը

Նոյեմբերին շարունակում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից եւ հետեւաբար ցերեկվա տեւողությունը: Արեւափայլի տեւողությունն ամսվա ընթացքում կազմում է 120-160 ժամ: Պարզ օրերի թիվը զգալիորեն պակասում է (5-6օր): Նոյեմբերին հանրապետության տարածքում ամսական միջին ջերմաստիճանը 1.5աստիճան է: Համեմատաբար տաք է նոյեմբերի առաջին տասնօրյակը (տասնօրյակային միջին ջերմաստիճանը` 4աստիճան), երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը հանրապետությունում բացասական է` -0.5աստիճան, երկրորդ տասնօրյակի վերջին լեռնային առանձին շրջաններում տեղի է ունենում ջերմաստիճանի անցում 0աստիճան-ից ցածր, որը բնորոշում է ձմռան սկիզբը: Ամենաբարձր ամսական միջին ջերմաստիճանը գրանցվում է Մեղրիում` 9.5աստիճան, այն բարձր է նաեւ հյուսիս-արեւելքում (Բագրատաշեն` 6.9աստիճան, Իջեւան` 7.1աստիճան), Արարատյան դաշտում (Երեւան 6.5աստիճան, Արմավիր 5.6աստիճան): Առավելագույն ջերմաստիճանն այդ շրջաններում կարող է հասնել մինչեւ 22-30աստիճան: Ամսական միջին ջերմաստիճանը ցածր է 2000 մ-ից բարձր շրջաններում (Աշոցք՝ -1.8աստիճան), նվազագույն ջերմաստիճանը լեռնային առանձին շրջաններում հասնում է -27աստիճան (Աշոցք, Գավառ, Սիսիան), Արմավիրում` -17աստիճան, Մեղրիում` -7աստիճան: Երեւանում նոյեմբերին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է 1948թ.` -17աստիճան: Նոյեմբեր ամսին առավել տաք եղանակ է դիտվել 1966, 1970, 1998, 2012 թթ., իսկ 1973, 1978, 1996, 2001, 2011 թթ. հանրապետությունում գրանցվել են ցածր ջերմաստիճաններ, հովտային շրջաններում ջերմաստիճանը հասել է -6…-12աստիճան: Տեղումների քանակը հոկտեմբերի համեմատ պակաս է եւ կազմում է 41 մմ: Ավելի շատ տեղումներ դիտվում են լեռնային շրջաններում` 60 մմ, իսկ ամենից քիչ Արարատյան դաշտում` 20-30 մմ: Տեղումնառատ են եղել 1973, 1986, 1994, 2008, 2014 թվականները, երբ տեղումների քանակը գերազանցել է նորման 2-3 անգամ: Սակայն եղել են չորային տարիներ 1996 թ., 2010 թ., երբ նոյեմբերին ընդհանրապես տեղումներ չեն դիտվել: Ամսվա կեսերին հանրապետության բարձր լեռնային շրջաններում առաջանում է կայուն ձյան ծածկ (ձյան շերտի բարձրությունը հասնում է 5-10 սմ): Առանձին տարիների այն կարող է առաջանալ ամսվա սկզբին: Նոյեմբերին հանրապետության ամբողջ տարածքում առաջանում է բարձր ճնշման դաշտ եւ հաստատվում է քամու ձմեռային ռեժիմ` գերակշռում է անդորրը, միայն բարձր լեռնային շրջաններում եւ լեռնանցքներում քամու արագությունը մեծանում է, միջինը հասնելով մինչեւ 5-7 մ/վ, իսկ առավելագույնը` 20-30 մ/վ (Պուշկինի, Սիսիանի լ/ք): Նոյեմբերին կտրուկ մեծանում է մառախլապատ օրերի թիվը, հատկապես լեռնանցքներում` 25 օր: Մառախուղ առավել հաճախ դիտվում է առավոտյան ժամերին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.