
Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը խոստացել է, որ Կատալոնիայում կվերականգնվի օրենքի գերակայությունը և հանգստության կոչ է արել Կատալոնիայի կողմից անկախության հռչակումից րոպեներ անց: Այդ մասին նա գրել է
Twitter-ի էջում:
«Ես բոլոր իսպանացիներին հանգստության կոչ եմ անում: Կատալոնիայում կվերականգվնի օրենքի գերակայությունը»,- գրել է Ռախոյը:
Նշենք, որ Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին
քվեարկել է Իսպանիայից անկախանալու օգտին: Բանաձևի օգտին է քվեարկել 72 պատգամավոր, դեմ է հանդես եկել 10 պատգամավոր, ձեռնպահ են մնացել 2-ը:
Նախօրեին շրջանի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հրաժարվել էր արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Մադրիդի ներկայացրած պահանջից:
Ի պատասխան անկախության հռչակման՝ Մադրիդը պատրաստվում է շրջանում սահմանել անմիջական կառավարում: Հոկտեմբերի 21-ին Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել էր, որ գործարկում է Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս ինքնավար համայնքում սահմանափակել ինքնիշխանությունը:
Սպասվում է, որ Իսպանիայի սենատը հոկտեմբերի 27-ին հավանության կարժանացնի համապատասխան բանաձևը, որն ուժի մեջ կմտնի հաջորդ օրը: