Թուրքիան ու Իրանը կարող են համատեղ գործողություն իրականացնել քուրդ զինյալների դեմ Քանդիլում. լրատվամիջոցներ

Թուրքիան ու Իրանը կարող են համատեղ ռազմական գործողություն սկսել իրաքյան Քանդիլում՝ քրդերի դեմ, այս մասին գրում է թուրքական իշխանամետ «Յենիշաֆաք» պարբերականը՝ հղում անելով ԶՈՒ-ում իր աղբյուրներին: Ըստ այդ տեղեկության՝ Թուրքիան և Իրանը պայմանավորվածություն են ձեռք բերել առ այն, որ Իրանը ժամանակավորապես կփակի Իրաքի հետ սահմանը Քանդիլի կողմից՝ այդպիսով կանխելով քուրդ զինյալների՝ Իրան փախչելու հնարավորությունը: Նշվում է, որ Քանդիլում «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման դեմ ռազմական գործողությունների առավել արդյունավետ անցկացմանը խոչընդոտում էին հենց քուրդ զինյալների՝ անցակետերից Իրանի տարածք պարբերական անցումները: «Յենիշաֆաք»-ը նշում է, որ Իրանի կողմից համապատասխան քայլերի ձեռնարկումից հետո թուրքական ԶՈւ-ն Քանդիլ կմտնի ցամաքային ճանապարհով. նրանց որոշակիորեն կաջակցեն նաև իրաքյան բանակի ուժերը: Նախատեսվում է, որ քուրդ զինյալների դեմ գործողությանը կմասնակցեն նաև Իրանի զինված ուժերի հրետանային ստորաբաժանումները: Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը: Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը:
Մեկնաբանություններ