ԵՄ-Հայաստան համաձայնագիրն ստորագրվելու է, այդ հարցում կասկած չկա. Յոհանես Հան

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը Տալլինում ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ժամանակ, պատասխանելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին, հայտարարել է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրն անկասկած ստորագրվելու է նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ: «Ամենասկզբից հստակեցնելու համար՝ այս համաձայնագիրը Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրվելու է: Այդ հարցի վերաբերյալ կասկած չկա: Եվ կարծում եմ՝ դա անկասկած տեղի է ունենալու գագաթնաժողովի շրջանակներում: Այդ հարցի շուրջ ոչ մի կասկած չկա»,- ասել է ԵՄ հանձնակատարը: Նա հավելել է, որ Հայաստանի հարևաններից ստացած ազդանշանները վկայում են, որ նրանք խնդիր չունեն ստորագրման հետ: Նրա խոսքով՝ դրա պատճառն այն է, որ առաջին անգամ է, ինչը կարևոր է նշել, որ համաձայնագիր է ստորագրվում երկրի հետ, որը Եվրասիական միության անդամ է: «Դա ցույց է տալիս, որ հնարավոր է լինել Եվրասիական միության անդամ և միևնույն ժամանակ ունենալ հեռուն տանող համաձայնագիր Եվրամիության հետ: Դա հստակորեն ցույց է տալիս, որ համակեցությունը հնարավոր է՝ ի նպաստ տվյալ դեպքում Հայաստանի ժողովրդի: Եվ ես կարծում եմ, որ սա կարող է նաև հիմք ծառայել մյուսների համար նույնպես»,- ասել է Յոհանես Հանը: Նա, խոսելով Հայաստանի բյուջեին տրամադրվող ֆինանսական աջակցության մասին, նշել է, որ բյուջետային աջակցություն հասկացությունը որոշ առումով մոլորեցնող է, որովհետև տպավորություն է թողնում, թե ԵՄ-ն առանց պայմանների որոշակի միջոցներ է տրամադրում տվյալ երկրին: Դա այդպես երբեք չի եղել, նշել է նա: «Բայց երբեմն կան նախագծեր, որոնք կարող են իրականացվել միայն պետության և կառավարության միջոցով, միայն պետական բյուջեով, և այդ պատճառով մենք որոշակի գումար ենք տրամադրում որոշակի նախագծերի համար, որոնք ունեն պայմաններ և որոնք պետք է իրականացվեն»,- ասել է ԵՄ հանձնակատարը: Նա նշել է, որ բավականին լավ ծանոթ է Հայաստանի իրավիճակին և ընդգծել է ընտրական օրենսգրքի բարեփոխումների հարցում գրանցված առաջընթացը: «Ես հասկանում եմ, որ ոչ բոլորն են գոհ վերջնական արդյունքից, բայց, կարծում եմ, բոլորն ընդունել են, որ կան որոշակի բարելավումներ: Եվ դա այդ թվում նաև տեղի է ունեցել որոշակի ֆինանսական խթանների շնորհիվ»,- ասել է Հանը:
Մեկնաբանություններ