Գողացված բանկային քարտով փորձել են գումար կանխիկացնել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումարի կանխիկացման փորձ կատարած անձի ինքնությունը։ 2017թ. օգոստոսի 23-ին հաղորդում է ստացվել առ այն, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձն օգոստոսի 22-ին՝ ժամը 12:20-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքում գտնվող բժշկական կենտրոններից մեկի աշխատասենյակից գաղտնի հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել են կանխիկ գումար և քաղաքացու դստեր բանկային քարտը: Պարզվել է, որ գողացված քարտով կատարվել է գումարի կանխիկացման փորձ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: Նախաքննության ընթացքում ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների՝ գողացված քարտով կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված նիհարավուն կազմվածքով երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։ Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: Տեսանյութը՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե
Մեկնաբանություններ