Արտաքին գործերի նախարարն ընդունել է Մեքսիկայի պատգամավորներին

Հոկտեմբերի 26-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը, որի կազմում էին խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, պատգամավորներ Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն և Կառլոս Էռնանդես Միրոն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ–ից, ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը շեշտել է, որ նմանօրինակ այցելությունները նոր որակ ու բովանդակություն են հաղորդում երկկողմ հարաբերություններին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ մեքսկիացի պատգամավորները նախարար Նալբանդյանին ներկայացրել են Արցախ կատարած այցից ստացած տպավորությունները։ Նախարար Նալբանդյանը ողջունել է Մեքսիկայի պատգամավորների այցն Արցախ՝ կարևորելով տեղում իրավիճակին ծանոթանալու և օբյեկտիվ պատկերացում կազմելու հնարավորությունը: Զրուցակիցները համոզմունք հայտնել են, որ պատգամավորների այցը խթան կհաղորդի հայ-մեքսիկական միջխորհրդարանական հարաբերություններին, ինչն էլ կնպաստի միջպետական հարաբերությունների ամրապնդմանը: Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի գործունեությունը: Անդրադառնալով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ հոբելյանին՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Մեքսիկայի հետ բարեկամական կապերի ամրապնդմամբ և արդյունավետ փոխգործակցությամբ` թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում: Այս առումով զրուցակիցներն ընդգծել են, որ երկու երկրներն ունեն մեծ ներուժ տնտեսական ոլորտում կապերն ակտիվացնելու և համագործակցության նոր ոլորտներ բացահայտելու համար: Էդվարդ Նալբանդյանը մեքսիկացի խորհրդարանականներին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:
Մեկնաբանություններ