Այսօրվա իշխանություններին կարելի է մեղադրել բազմաթիվ բաների մեջ, բայց ո՛չ հակառակորդի ընտրության. Վիգեն Սարգսյան

ԱԺ-ում օրերս քննարկված «Պաշտպանության» և «Զինվորական ծառայության» մասին օրենքները նույնպես բանակի արդիականացման համատեքստում են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ բանակի արդիականացման հանձնարարականի հիմքում ի՞նչ խնդիրներ են դրված: Նա նկատեց, որ ԶՈւ-ն ունի իր զարգացման ծրագիրը, սակայն այսօր խնդիր է դրված, որ այդ ծրագրերը լինին թռիչքային: «Ծրագրերը՝ կապված թե՛ սպառազինության, թե՛ ռազմական տեխնիկայի, թե՛ կրթական ծրագրերի, թե՛ հասարակություն-բանակ կապի, թե՛ ծառայություն նոր տեսակներ ներգրավելու առումով, պետք է ունենան թռիչքային զարգացում: «Պաշտպանության» և «Զինվորական ծառայության» մասին օրենքները բավականին լուրջ հիմք են ստեղծում բանակի արդիականացման համար»,-ասաց նա: Նախարարի խոսքով՝ իրենք անելու են ամեն ինչ նշված ժամկետներում արդիականացման ծրագիր ներկայացնելու համար: Սարգսյանը նկատեց, որ այսօրվա մարտահրավերները բավականին մեծ են. «Այսօրվա իշխանություններին կարելի է մեղադրել բազմաթիվ բաների մեջ, բայց ո՛չ հակառակորդի ընտրության, ո՛չ հակառակորդի տեսակի, ո՛չ տարածաշրջանի նկատմամբ հակառակորդի անպատասխանատվության համար: Մենք պետք է հասկանանք, թե որպես ազգ ինչպես ենք ամրապնդվում, ինչպես ենք Եռաբլուրում յուրաքանչյուր շիրիմին նայելով, կսկիծ զգալով՝ հասականում, որ ամեն շիրիմ պարտավորեցնող է»,- շարունակեց նախարարը:
Մեկնաբանություններ