Վրաստանի ազգային բանկը հրաժարվել է մեկնաբանել լարիի արժեզրկումը

Վրաստանում գործում է լողացող փոխարժեք, և Ազգային բանկը մեկնաբանություններ չի անում ազգային արժույթի փոխարժեքի կարճաժամկետ տատանումների առնչությամբ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն, հայտնում է newsgeorgia.ge-ն: Վրաստանի ազգային արժույթը՝ լարին, որն ամառվա ընթացքում տատանվում էր ԱՄՆ մեկ դոլարի դիմաց 2,39-2,42-ի մակարդակում, հոկտեմբերի կեսից սկսել է նվազել: Այսօրվա դրությամբ Վրաստանի ազգային բանկը փոխարժեքը սահմանել է մեկ դոլարի դիմաց 2,52-ի չափով: Այդկերպ՝ հոկտեմբերի 11-ից ի վեր լարին արժեզրկվել է 2,02 տոկոսով: «Նորություն չէ, որ մեզ մոտ գործում է լողացող փոխարժեք, այդ պատճառով լարին երբեմն արժեզրկվում է, իսկ երբեմն՝ ամրապնդվում: Ես ևս մեկ անգամ նշեմ, որ Ազգային բանկը մեկնաբանություններ չի անում փոխարժեքի կարճաժամկետ տատանումների առնչությամբ»,- ասել է Գվենետաձեն:
Մեկնաբանություններ