Ստամբուլի կուսակալն ընդունել է Կ. Պոլսի հայ համայնքի պատվիրակությանը

Ինչպես փոխանցում է Կ. Պոլսի հայկական «Ժամանակ» պարբերականը, հոկտեմբեր 24-ին Ստամբուլի կուսակալ /նահանգապետ/ Վասիթ Շահինը հյուրընկալել է Պոլսահայ համայնքի պատվիրակությանը, որի ընթացքում քննարկվել է Կ. Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության գործընթացին առնչվող հարցեր: Ըստ նույն հաղորդման, հանդիպումը մեկնարկել է 15.30-ին եւ տեւել 45 րոպե: Պոլսահայ համայնքի պատվիրակության կազմում են եղել` Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Պետրոս Շիրինօղլին եւ Սարգիս Գյուլեկեչը: Հայկական համայնքային պատվիրակությունն ամփոփ ներկայացրել է Ստամբուլի կուսակալին, թե մինչ այժմ ինչ գործողություններ են կատարվել ընտրական գործընթացում: Անդրադարձ է կատարվել նաեւ գործընթացում առկա դժվարություններին: Ստամբուլի կուսակալը փոխանցել է, որ թուրքական պետության պատկան մարմինները հետեւում են ընտրական գործընթացին եւ պատրաստակամություն է հայտնել ի հարկին պահանջելույն, նպաստել եղած դժվարությունների հաղթահարման գործում: Հանդիպման ավարտից հետո հայկական պատվիրակությունը, ըստ «Ժամանակի» տեղեկությունների, մեկնել է Ս. Փրկիչ հիվանդանոց, ունեցած հանդիպման արդյունքները քննարկելու եւ ամփոփելու համար:
Մեկնաբանություններ