Նոր օրինագծով բնակավայրից 150 կմ հեռավորությամբ ծառայելու սահմանափակումը չի լինի

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ քննարկման է դրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր ելույթում նշեց, որ այս օրինագծում միավորվել են ներկայումս Զինվորական ծառայության անցնելու մասին, Զինապարտության մասին, Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքները, այն տրամաբանությամբ, որ զինվորական ծառայության պարտադիր և պայմանագրային տեսակների, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, պահեստազորային ծառայության կազմակերպման, դրանցից յուրաքանչյուրում ներկայացված և ծառայության իրականացման, ինչպես նաև զինծառայողի կարգավիճակից բխող սոցիալական և իրավական երաշխիքները նպատակահարմար է կարգավորել մեկ միասնական օրենքով։ «Օրենքի նախագծի նպատակն է ապահովել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ՀՀ սահմանադրության դրույթների իրացումը։ Օրենքը նաև հիմքեր է ստեղծում լայն հանրային քննարկում անցած «Պատիվ ունեմ» և «Ես եմ» և այլ քաղաքական փոփոխություններին միտված ծրագրերի իրականացման համար»,- ասաց նախարարը։ Վիգեն Սարգսյանն այնուհետև մանրամասն ներկայացրեց նախագծում առկա փոփոխությունները, նշելով, որ ՀՀ քաղաքացիների զինապարտության ապահովման գործընթացի շրջանականերում գործող կարգավորումների համեմատ փոփոխություններ են կրել պարտադիր զինծառայությունից ազատման և զորակոչից տարկետումների տրամադրման, զորակոչի գործընթացի հետ կապված հարաբերությունները։ «Մասնավորապես՝ ՀՀ սահմանադրության փոփոխությունները հաշվի առնելով, զորակոչի հայտարարման իրավասությունը վերապահվել է ՀՀ կառավարությանը, վերանայվել են տարկետման հիմքերը և դրանց մեծ մասը փոխարինվել են արտոնություններով։ Լրջորեն վերանայվել է արտոնությունների համակարգը՝ ձևական բնույթից փոխարինվելով բովանդակային արտոնություններով։ Խոսքը գրեթե բոլոր դեպքերում վերաբերում է ընտանեկան վիճակից ելնելով հատուկ ծառայության պայմաններ ենթադրող քաղաքացիների խմբին՝ ծնողազուրկ, հաշմանդամ ծնողներ ունեցող և այլն։ Այն բոլոր սահմանափակումները, որոնք այսօր մենք ունենք, դրանց հետ կապված արտոնություններն ավելի բովանդակային են դառնում։ Երկու լրացուցիչ արձակուրդ է նախատեսվում այդպիսի զինծառայողների համար, ինչպես նաև մարտական հերթապահության մեջ նրանց ներգրավվումը հնարավոր է միայն իրենց ցանկությամբ։ Այսինքն, եթե նախկինում ասում էին, որ այդ կատեգորիան պետք է ծառայի տնից 150 կմ շառավիղով, և դա ոչինչ չէր նշանակում, քանի որ Տավուշում կամ Գեղարքունիքում ապրող քաղաքացին նույն կարգավիճակով կարող էր հայտնվել առաջնագծում, այսօր մենք այդ կատեգորինային բովանդակային արտոնություն ենք տալիս»,- ներկայացրեց պատշպանության նախարարը։ Ինչ վերաբերում է ուսման տարկետմանը՝ նա հայտնեց, որ այն փոխկապակցվում է հետագա ծառայության տեսակի հետ, բարձրագույն կրթություն ստացողը կարող է տարկետումից օգտվել, եթե այնուհետև պատրաստ է ծառայել որպես սպա՝ ստանալով սպայի աշխատավարձ և ուսման վարձի փոխհատուցում, թե անցած բակալավրիատի, թե մագիստրատուրայի համար։
Մեկնաբանություններ