Կարո Փայլանը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել հայտնի թուրք գործարար ու գործիչ Օսման Քավալային

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը կոչ է արել իշխանություններին ազատ արձակել օրեր առաջ Ստամբուլում ձերբակալված թուրք գործարար, վերլուծաբան և հասարակական գործիչ Օսման Քավալային, այս մասին տեղեկանում ենք Փայլանի Twitter-յան էջից: «Օսման Քավալան իր ամբողջ կյանքում ջանք թափեց, որպեսզի այս երկիրն ապրելու երկիր դառնա: Ազա՛տ արձակեք նրան», - գրել է հայազգի պատգամավորը: Նշենք, որ Քավալայի հիմնած թուրքական ամենահայտնի հրատարակչություններից «Իլեթիշիմ»-ը բազմիցս անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը: Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Քավալայի ձերբակալոթյունը և մեղադրել հայտնի բարերարին դավաճանության համար: Ինչպես գրում է թուրքական t24.com.tr կայքը, Էրդողանը պնդել է, որ Թաքսիմի ցույցերի կազմակերպման հետևում Քավալան է կանգնած: «Այս ժողովրդին ներսից հարվածողների դեմ մենք գլուխներս բարձր ենք կանգնելու, պատասխան ենք պահանջելու», - հայտարարել է Էրդողանը:
Մեկնաբանություններ