Իրաքի վարչապետը ժամանել է Թուրքիա

Թուրքիայի մայրաքաղաք Անկարա է ժամանել Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին, այս մասին տեղեկանում ենք թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականից: Հայտնի է, որ Աբադին Անկարայում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ինչպես նաև վարչապետ Բինալի Յըլդըրըմին: Կողմերը պատրաստվում են քննարկել տարածաշրջանում տիրող իրավիճակն ու հակաահաբեկչական պայքարի շրջանակում ընդհանուր ձեռքբերումները: Քննարկումների առանցքային թեման, սակայն, Իրաքյան Քրդստանն է ու Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի նախաձեռնած անկախության վերաբերյալ հանրաքվեից հետո զարգացած իրադարձությունները: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Իրաքի բանակը մտել էր Քիրքուք քաղաք, որը համարվում է վիճելի տարածք Էրբիլի ու Բաղդադի միջև: Թուրքմեններով, արաբներով ու քրդերով բնակեցված Քիրքուքը թեև չի մտնում Քրդստանի ինքնավարության մեջ, սակայն տեղի քրդերը նույնպես մասնակցել են անկախության հանրաքվեին, իսկ քրդական «փեշմերգա» ուժերն իրենց դիրքերն էին զբաղեցրել քաղաքի կարևոր ռազմավարական կետերում ու հատկապես նավթային օբյեկտների տարածքում: Իրաքի բանակի գրոհից հետո քրդական ուժերը զանգվածայնորեն նահանջել են: Ավելի վաղ, մեկնաբանելով Քիրքուքում տեղի ունեցածը, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել էր Իրաքի կենտրոնական իշխանությունների գործողությունները:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.