Իրանը մասամբ վերաբացել է Իրաքյան Քրդստանի հետ սահմանը

Իրանի իսլամական հանրապետությունը մասամբ բացել է Իրաքյան Քրդստանի հետ ավելի վաղ փակված սահմանը, այս մասին գրում է gazeteduvar.com.tr կայքը: Նշվում է, որ Իրանը, որը փակել էր Քրդստանի հետ սահմանն իրաքցի քրդերի անկախության վերաբերյալ հանրաքվեի անցկացումից հետո, վերաբացել է իրանա-քրդական սահմանին գտնվող «Բաշա Մաղ» անցակետը: Նախօրեին Սուլեյմանիայի առևտրի պալատի ղեկավար Սիրվան Մուհամեդը քրդական Rudaw-ին տված հարցազրույցում նշել էր, որ Իրանը պատրաստվում է բացել «Բաշա Մաղ» և «Փերվեզհան» անցակետերը: Լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Իրանն այս քայլին դիմեց այն բանից հետո, երբ Իրաքյան Քրդստանի իշխանությունները հայտնեցին անկախության վերաբերյալ հանրաքվեի արդյունքները սառեցնելու պատրաստակամության մասին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.