Ժաննա Բաղդասարյան․ «Գերմանա _ հայկական նախաձեռնության հիմքում մարդասիրությունն է»․

Տասներկու տարվա ամենօրյա աշխատանք, մի քանի տասնյակ միջազգային ծրագրեր։ Արդյունքը գրանցած հաջողություններն են եվրոպական տարբեր կառույցներում։ Գերմանահայկական նախաձեռնությունն իր տեսակի մեջ թերևս եզակի կառույց է Գերմանիայում, որին իր համամարդկային ու երկարատև գործունեության համար արժանացել է երկրի ղեկավարության ամենաբարձր մրցանակին՝ Ազգային վստահություն։ Նախաձեռնությունը հիմնադրել է Ժաննա Բաղդասարյանը, աշխատակազմում ընդգրկելով գերմանացի իրավաբաններ, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, նաև ընտանիքի անդամներին։ Նրանց հետ հանդիպման առիթը վերջերս կազմակերպված մշակութային բազմազանություն փառատոնն էր, որի մասին գրեցին անգամ գերմանական ամենահեղինակավոր պարբերականները։ Նախաձեռնության գրեթե բոլոր միջոցառումներն էլ հայտնվում են լրատվամիջոցների էջերին, քանի որ դրանք ունենում են հստակ թեմա և նպատակ՝ օգնել, օգնել և էլի օգնել։ Ամուսինները իրենց կատարած աշխատանքի մասին երբևէ չեն խոսում, համեստորեն և առանց ակնկալիքների շարունակում են աջակցել մարդկանց ու կյանքեր փրկում։ Աշխատասենյակը մի քանի քառակուսի մետր է, և չնայած փոքրությանը, այստեղ միջազգային մակարդակի հարցեր են լուծվում։ Սենյակի լուսամուտագոքերին, պատերին, ամեն տեղ, փակցված են Հայաստանը պատկերող նկարներ, արձաններ, հայկական եռագույնով տարատեսակ հուշանվերներ։ Կարճ ասած՝ փոքրիկ Հայաստան Բեռլինի սրտում։ Սկսած 2005 ից, գերմանահայկական նախաձեռնությունը օգնության ձեռք է մեկնում բոլոր այն օտարերկրացիներին, որոնք Հայաստանից, հետխորհրդային ու արաբական երկրներից են, ինչ ինչ պատճառներով հայտնվել են Գերմանիայում ու Հայրենիք վերադառնալ չեն կարող։ Թե ինչու, Ժաննա Բաղդասարյանը մեկնաբանեց այսպես, «Մարդիկ Գերմանիա են հասնում հիմնականում ֆինանսական և առողջական լուրջ խնդիրների պատճառով։ Մենք աշխատում ենք մի քանի ուղղություններով։ Օգնում ենք փախստականներին։ Նրանց մեծ մասը իրենց երկրներում վաճառել են բնակարանները, ունեցվածքն ու հեռացել։ Նախ լսում, գնահատում ենք ստեղծված իրավիճակը, իրականացնում խորհրդատվություն, նոր միայն սկսում հետագա գործընթացները։ Բոլոր աշխատանքները մենք կատարում ենք բացառապես անվճար։ Եթե մարդիկ թակում են մեր դուռը, ուրեմն ծայրահեղ ծանր վիճակում են։ Շատերը բնակարաններ չունեն, ապրում են ժամանակավոր հանրակացարաններում․ երեխաներ ունեցողների դեպքում աջակցում ենք դպրոցի ու մանկապարտեզի հարցում։ Այս հարցերն էլ կարգավորում ենք համապատասխան ատյանների հետ՝ ներկայացնելով բավարար հիմնավորումներ։ Մենք միշտ նրանց կողքին ենք, ցանկացած ժամի և ցանկացած վայրում»։ _ Լինում են դեպքեր, երբ Գերմանիան չի շնորհում փախստականի կարգավիճակ և մարդիկ երկիրը լքելու սև թուղթ են ստանում։ Այս դեպքում կարողանու՞մ եք օգնել։ «Իհարկե։ Մեկ անգամ մերժում ստանալը վերջնական դատավճիռ չէ։ Շատ արագ պատրաստում ենք համապատասխան թղթապանակն ու գործն ուղարկում գերագույն դատարան։ Դա էլ վերջնական չէ։ Եթե կրկին մերժում են, հարցը լուծում ենք ծանր դեպքերի հանձնաժողովի միջնորդությամբ։ Հենց այս հանձնաժողովն է վերջնական որոշում՝ մնալ Գերմանիայում, թե ոչ։ Այստեղ մեծ ուշադրություն են դարձնում, թե որքանով են մարդիկ ինտեգրվել գերմանական հասարակությանը։ Սա բարդ ու ժամանակատար աշխատանք է։ Շատ են նաև հիվանդները։ Նրանց մեծ մասը ցավոք սրտի տառապում է քաղցկեղով։ Բոլոր հիվանդների հետագա բուժումը մենք ենք կազմակերպում՝ սկսած թղթաբանությունից մինչև վերջնական ապաքինում։ Մենք աշխատում ենք Գերմանիայի ու ամբողջ Եվրոպայի ամենահեղինակավոր՝ Շարիթե հիվանդանոցի հետ։ Դա բավականին բարդ ու թանկ գործընթաց է, շատերի համար նույնիսկ անհասանելի։ Սկզբում գտնումենք այն նեղ մասնագիտական պրոֆեսորներին, որոնք հետազոտում, գնահատոմ են իրավիճակը, որից հետո համապատասխան փաստաթղթերով սկսում ենք երկարատև համառ պայքարը՝ ևս մեկ մարդու կյանք փրկելու համար»։ Հարցին, թե իսկապես ամենածանր հիվանդները ամբողջությամբ ապաքինվում են, տիկին Բաղդասարյանն այսպես մեկնաբանեց, «Մարդիկ, որոնց Հայաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում ասել են, որ մի քանի օրվա, մի քանի ամսվա կյանք է մնացել, այդ նույն մարդիկ այստեղ ապրում են տարիներ։ Բազմաթիվ օրինակներ կան, որ մեզ են դիմել հիվանդոության ամենավերջին փուլում, մի քանի ամիս անց ունեցել ենք բավականին դրական տեղաշարժեր։ Նրանցից շատերն արդեն ապաքինվել են, նույնիսկ աշխատում են, բայց գտնվում են բժիշկների մշտական հսկողության ներքո»։ Արագ ինտեգրման համար մենք բազմաթիվ ծրագրեր ունենք։ Դրանցից մեկը կոչվում է խաղալով ինտեգրվիր։ Մենք անցկացնում ենք շախմատային երեկոներ։ Այդ օրերին հավաքվում են տարբեր ազգություններ։ Գալիս են նաև գերմանացի բարձրաստիճան հյուրեր, պատգամավորներ, պրոֆեսորներ։ Շախմատից բացի, մի քանի ժամ բոլոր փախստականները ստանումեն իրենց հուզող հարցերի պատասխանները։ Եթե տոկոսային հարաբերությամբ ասենք, 90 տոկոսով մենք միշտ հաղթող ենք դուրս գալիս։ »։ _ Իսկ ինչպե՞ս եք ֆինանսական հարցերը լուծում։ Չէ՞ որ շատ հարցեր գումարից է կախված։ «Այս դժվարին ճանապարհին մեզ օգնում են Պանկովի թաղապետարանը, Ձախերի կուսակցությունը, հանձինս Բունդեսթագի պատգամավոր Շտեֆան Լիբիխը։ Ակտիվ համագործակցում ենք նաև կանաչների կուսակցության հետ։ Մեր համագործակցությունը վերածվել է բարեկամության։ Այս կուսակցությունը ըմբռնումով է մոտենում փախստականների խնդիրներին։ Հենց այդ պատճառով էլ կա վստահություն, ապացույցը երկար տարիների համատեղ աշխատանքն է»։ _ Տիկին Բաղդասարյան, նկատեցի նաև որ դպրոցականներ և ուսանողներ էլ են գալիս ձեր հիմնարկ։ Նրանց է՞լ եք օգնում։ « Այո, կրթական համակարգն այստեղ մի փոքր այլ է։ ութերորդ դասարանից աշակերտները պետք է մասնագիտություն ընտրեն և այդ թեքումով շարունակեն ուսումը։ Որոշները շարունակում են կրթությունը, որոշներն էլ սովորումեն արվեստ ու արհեստ։ Մենք օգնում ենք նրանց մասնագիտական կողմնորոշման հարցերում՝ վերլուծելով մասնագիտական շուկայի պահանջարկը Գերմանիայում։ Բացի այդ նրանք անցնում են մասնագիտական պրակտիկա, վերապատրաստվում են մեզ մոտ աշխատող գերմանացի պրոֆեսորների մոտ»։ Տիկին Բաղդասարյանի և ամուսնու հետ զրույցը կիսատ մնաց, քանի որ միջանքում մոտ երեք տասնյակի հասնող փախստականներ սպասում էին խորհրդատվության։ Նրանք ավելի շատ նախխընտրում են լռել և աշխատել։ Երկար ժամանակ փորձում էի պայմանավորվել նոր հանդիպման համար։ Ասացին, որ շտապելու տեղ չունեն, և ոչ այնքան հրատապ է հոդված գրելը, որքան օդից կախված մարդկային ճակատագրերը, որոնց վերջին հույսը չհրկիզվող պահարաններում պահվող նրանց անձնական գործերն են։ Դրանք գաղտնի են և հրապարակման ոչ ենթակա։ Եվ հենց այդ թղթերում է գրված վերջին խոսքը՝ ապրել, թե չապրել Գերմանիայում։ Այսօր, շատ շատերը հենց այս հիմնարկության շնորհիվ է ստացել Գերմանիայում բուժվելու, սովորելու, ապրելու իրավունքը։
Մեկնաբանություններ