
Թուրքական Daily Sabah պարբերականի թղթակից Ռագըփ Սոյլուն վեճի է բռնվել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթի հետ՝ նրան հարց հղելով ահաբեկիչներից ազատագրված Ռաքքայում քրդական շարժման հիմնադիր Աբդուլլահ Օջալանի պատկերով փակցված պաստառի մասին:
Ինչպես ավելի վաղ հայտնել է
tert.am-ը՝ Սիրիայում ԱՄՆ-ի կողմից աջակցություն վայելող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) զինյալները Ռաքքայի ազատագրման գործողության ավարտից հետո քաղաքում փակցրել են «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հիմնադիր և առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկարով պաստառ, ինչն անհանգստություն է առաջացրել Թուրքիայում:
Ինչպես գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, պատասխանելով Օջալանի պաստառի մասին հարցին՝ Նոյերթն ասել է, որ ուշադիր չի հետևել այդ պաստառի հետ կապված տարբեր արձագանքներին և շեշտել է, որ ԱՄՆ-ի համար առաջնային կարևորություն ունի Ռաքքայի ազատագրումը:
Նոյերթը կոչ է արել թուրքական լրատվամիջոցներին ու բոլոր կուսակցություններին հրաժարվել Օջալանի պաստառի փակցման մասին տեսանյութերն ու լուսանկարները տարածելով սադրանքներ հրահրելուց:
«ԱՄՆ կառավարությունը սերտ համագործակցում է Թուրքիայի հետ, և դուք դա լավ գիտեք. Թուրքիայում իշխանությունների հետ սերտ համագործակցության մեջ գտնվող մեդիաընկերության աշխատակից եք», - ասել է Նոյերթը թուրք լրագրողին:
Ավելի ուշ Սոյլուն Twitter-ի իր էջում պատմել է ճեպազրույցի մասին։
«ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը YPG-ի մասին ուղղածս հարցին պատասխանեց ինձ իշխանամետ մամուլի ներկայացուցիչ լինելուս մասին շեշտելով: Որքան էլ փորձեցի հասկացնել, որ մենք մասնավոր կառույց ենք՝ պնդեց, որ հովանավորվում ենք պետության կողմից», - գրել է լրագրողը: