Թուրքիայի հետ բանակցությունների դադարեցումը ԵՄ-ի համար քաղաքական ինքնասպանություն կլինի. թուրք նախարար

Թուրքիայի հետ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցումը ԵՄ-ի համար իսկական քաղաքական ինքնասպանություն կլինի, հայտարարել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Օմար Չելիքը, գրում է թուրքական «ՀաբերԹյուրք» կայքը: «Մենք երես չենք թեքել ԵՄ-ից, Թուրքիան ունի բոլոր արժանիքներն այդ կառույցի անդամ լինելու համար, բանակցությունների դադարեցումը ԵՄ-ի համար նման կլինի քաղաքական ինքնասպանության», - ասել է թուրք նախարարը: Ըստ նրա՝ Թուրքիան կատարել է բոլոր պարտավորությունները ԵՄ-ի հանդեպ, իսկ ԵՄ-ն՝ ոչ: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով ԵՄ-ին անդամակցության հարցը, ասել էր.  «Եթե մեզ չեք ընդունելու՝ միանգամից ասեք, այնպես չստացվի, թե փախչողը մենք ենք»: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 25-ին ԵԽԽՎ-ն հավանության է արժանացրել Թուրքիայում ժողովրդավարական կառույցների գործունեության մոնիթորինգի վերաբերյալ օրինագիծը: Օրինագծի հիմքում ընկած է Թուրքիայում վերջին շրջանում մարդու իրավունքների, մամուլի ազատության, օրենքի գերակայության ոլորտում գրանցված լուրջ հետընթացի մասին վկայող զեկույցը:
Մեկնաբանություններ