Եվրոպայի խորհրդից Ադրբեջանի դուրս գալը ճիշտ չէ. Ադրբեջանի փոխարտգործնախարար

Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը, որը ղեկավարում է Բրյուսելի հետ Բաքվի բանակցությունները, հայտարարել է, որ Եվրոպայի խորհրդից Ադրբեջանի դուրս գալը ճիշտ չէ, հաղորդում է minval.az-ը: «Ես չեմ կարծում, որ Եվրոպայի խորհրդից Ադրբեջանի դուրս գալը ճիշտ է: Չնայած Ադրբեջանի նկատմամբ երկակի չափանիշներին ու անարդարությանը՝ կարծում եմ, որ մենք պետք է մնանք այդ կազմակերպությունում և շարունակենք պաշտպանել մեր դիրքորոշումը»,- հայտարարել է Մամեդգուլիևը: Նա նշել է, որ դեռևս Եվրոպայի խորհրդին Ադրբեջանի անդամակցելուց առաջ նա երկար տարիներ գլխավորել է այդ կառույցում ադրբեջանական պատվիրակությունը: «Հանգուցյալ Հեյդար Ալիևը մեծ նշանակություն էր տալիս Եվրոպայի խորհրդի հետ հարաբերություններին: Հենց նրա հանձնարարությամբ մենք երկար բանակցություններ ենք վարել այդ կազմակերպությանը միանալու վերաբերյալ: Չեմ կարծում, որ մի քանի հակաադրբեջանական բաղադրիչի պատճառով մենք պետք է հանձնենք մեր դիրքերը: Ինչ վերաբերում է Յագլանդին (Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդ), նա ընդամենը գլխավոր քարտուղար է, բայց ամբողջ կազմակերպությունը չէ: Այսօր նա կա, վաղը չկա»,- ասել է նա: Ավելի վաղ հաղորդվել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵՄ Խորհրդի քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնաժողովի պատվիրակության հետ հանդիպմանն ասել է, որ եթե Ադրբեջանը լքի Եվրոպայի խորհուրդը, իրենց կյանքում ոչինչ չի փոխվի: «Ձեզ անկեղծ ասեմ, ընկերական, որ եթե Ադրբեջանը հեռանա Եվրոպայի խորհրդից, ոչ մեկ դրան նշանակություն չի տա: Մեր կյանքում ոչինչ չի փոխվի, մենք չենք ապրի ոչ ավելի լավ, ոչ ավելի վատ, ոչ ավելի հարուստ, ոչ ավելի աղքատ»,- հայտարարել է Ալիևը: Ալիևը նշել է, որ վերջին ժամանակներս Եվրոպայի խորհրդի որոշ ներկայացուցիչներ նոր հարձակումներ են սկսել Ադրբեջանի դեմ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.