Ե՛վ Արցախի սահմանադրությունը, և՛ ՀՀ-ի սահմանադրությունը կառավարման այն մոդելներն են, որոնք աշխարհում չկան. Հրայր Թովմասյանի դասախոսությունը Արցախի պետհամալսարանում

Արցախի պետական համալսարանում «Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրությունները» թեմայով բաց դասախոսություն կարդաց սահմանադրագետ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյանը: Սահմանադրագետը ապագա իրավաբանների լսարանի համար դասախոսությունը սկսեց սահմանադրությանը զուգահեռ օրինակ վերցնելով մարդու օրգանիզմը.«Եթե վերցնենք մարդուն որպես կենսաբանական օրգանիզմ, ապա դա մի կենսաբանական համակարգ է, որտեղ օրգանները շատ հստակ դասավորված են, դրանք փոխկապակցված են, դրանք մեկը մյուսով պայմանավորում են մյուս օրգանի աշխատանքը, և եթե փորձենք այս օրգանիզմում մի բան սխալ անել, ապա կտեսնենք, որ այդ օրգանիզմը հիվանդ է և արագ մահանում է: Բայց երբ ճիշտ է ամեն ինչ, օրգանիզմն առողջ է և աշխատում է: Հիմա, երբ խոսում ենք պետության մասին, այստեղ ի վերուստ այդ օրգանների ճիշտ համադրումը որոշված չէ և դա անելու առաքելությունը վերապահված է մարդուն և դա մարդն անում է սահմանադրության միջոցով»: Թովմասյանի խոսքով՝ օրինակ` ատամնաբույժը սրտի վիրահատություն չի անում, ասում է՝ ինքն այդ մասնագետը չէ, սակայն իրավաբանական ոլորտում բոլորը խոսում են, թե ինչպես պետք է լինի սահմանադրությունը.«Այստեղ մեկ ճշմարտություն կա՝ ճիշտ սահմանադրություն ունենալը ցանկացած երկրի զարգացման գրավականն է: Հիմա հարց է առաջանում՝ կա՞ լավ կամ վատ սահմանադրություն: Օրինակ ինչո՞ւ գլուխ ցավեցնել,նորը գրել ու չվերցնել ժողովրդավար ԱՄՆ-ի սահմանադրությունը: Բայց այդ սահմանադրությունը լավ է ԱՄՆ-ի համար, բայց ոչ Արցախի:Այն ինչ ԱՄՆ-ում լավ է, երաշխիք չկա, որ ՀՀ-ում կամ Արցախում էլ լավը պիտի լինի»: ԱԺ պատգամավորը նշեց, որ սահմանադրության հարցում մեխանիկական մոտեցումը բացառվում է, այստեղ նշանակություն ունի տվյալ երկրի պատմությունը, մշակույթը, պատրաստվածության աստիճանը.«Բարդագույն խնդիր է այն ճիշտ լուծումները գտնելը, որոնք կոնկրետ քո երկրի համար են, որոնք կան այլ երկրներում, բայց դրանք դեռևս բավարար չեն, որպեսզի այդ ամբողջը դրական լինի քո երկրում: Ցավոք և՛ Արցախում, և՛ ՀՀ-ում մենք գնացել ենք մեխանիկական լուծման, երբ փորձեցինք ընդօրինակել ֆորմալ առումով ֆրանսիական, իսկ իրականում ֆրանսիական գաղութ հանդիսացող աֆրիկյան երկրների սահմանադրությունը, իսկ 2006-ին ԱՀ-ն փորձեց կրկնօրինակել 2005 թվականի ՀՀ-ի սահմանադրությունը: Մենք այստեղ հաշվի չառանք ՀՀ-ի առանձնահատկությունները, Արցախում էլ միգուցե հաշվի չառան Արցախի առանձնահատկությունները: Որքան էլ Արցախն ու ՀՀ-ն մոտ լինեն, միևնույն է այստեղ կան տարբեր առանձնահատկություններ, իսկ սրանց հաշվի չառնելը զարգացման իքս փուլում որոշակի խնդիրներ է առաջացրել ՀՀ-ի համար և դրա մեջ վտանգը կար, որ խնդիրներ կառաջանային Արցախի համար»:
Реклама 18
Անդրադառնալով ՀՀ-ում և Արցախում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը` Հրայր Թովմասյանն ասաց, որ նախ կիսանախագահական համակարգի պարագայում հաղթողը ստանում է ամեն ինչ, իսկ պարտվողը` ոչինչ, իսկ այդ դեպքում պարտվողն անելու է ամեն ինչ՝ մարդկանց փողոց դուրս բերել և այլն, որովհետև հինգ տարի նա այլևս մնալու է պարտված: «Երկրորդ խնդիրն այն է, որ կիսանախագահական համակարգի դեպքում կա մի պաշտոն՝ վարչապետ, ում վրա պետք է բարդել երկրում կատարվող բոլոր բացասական երևույթները, և փոխվում է վարչապետը: Այդ քայլով հասարակական ճնշումը փոքրանում է, բայց իրականում երկրում ոչինչ չի փոխվում, որովհետև ամբողջ իշխանությունը գտնվում է հանրապետության նախագահի ձեռքում, բայց դու միշտ ունես մի «քավության նոխազ»՝ ի դեմս վարչապետի, որին միշտ կարողանում ես փոխել»,-ասաց Թովմասյանը: Անդրադառնալով երրորդ խնդրին` ԱԺ պատգամավորը նշեց, որ պարզ չէ, թե ով է այդ ամբողջի քաղաքական պատասխանատուն՝ նախագա՞հն է, թե՞ վարչապետը.«Նախագահն ունի բոլոր լիազորությունները, բայց ունի զրո պատասխանատվություն, որովհետև նախագահը գիտի, որ որևէ մեկը չի կարող իրեն անվստահություն հայտնել, եթե խորհրդարանում իր թիմը մեծամասնություն է կազմում: Եթե իքս անձը գիտի, որ իրեն հինգ տարի անկարելի է փոխել, ապա նա որևէ կաշկանդվածություն չունի լսելու, թե ընդդիմությունն ինչ է ասում, որովհետև իր իշխանությանը զրո վտանգ է սպառնում: Սրանք կառավարման կիսանախագահական ձևի հիմնական թերություններն են»: Բերելով հետխորհրդային երկրների օրինակը` Հրայր Թովմասյանն ասաց, որ բացի Մերձբալթյան երկրներից, հետխորհրդային մնացած երկրներն ընտրել են կիսանախագահական կառավարմանը ձևը: Նրա խոսքով՝ Բելառուսում, Ադրբեջանում և Թուրքմենստանում ձևավորվել է ժառանգական միապետության տարրեր ունեցող կառավարման ձևը, իսկ Ղազախստան, Ուզբեկստան, Տաջիկստան երկրներում իշխանության ղեկին մարդիկ են, ովքեր իշխանության են եկել 1988-ից կամ իրենց փոխարինել են մյուսները, բայց նույնն են: Ինչ վերաբերում Ուկրաինային, Վրաստանին և Ղրղզստանին, Թովմասյանն ասաց, որ այս երեք երկրներն էլ չեն կարողացել խուսափել գունավոր հեղափոխություններից, իսկ Ռուսաստանը, բանախոսի խոսքով, մեկ այլ խնդիր է: Անդրադառնալով Հայաստանին` Հրայր Թովմասյանն ասաց.«Հայաստանում ժառանգական միապետության տարրեր չկան և Հայաստանը խուսափել է գունավոր հեղափոխություններից, բայց Հայաստանը չի կարողացել խուսափել հետընտրական ցնցումներից, որոնք եղել են հատկապես նախագահական ընտրությունների ժամանակ: Այսինքն` սա հենց այն պատճառով, որ հաղթողը ստանում է ամեն ինչ: Թովմասյանի խոսքով՝ այստեղ հարց է առաջանում, թե ինչու երկու հայկական պետությունները չընտրեցին կառավարման նույն մոդելը .«Որովհետև, երբ մենք խոսում ենք կիսանախագահական կառավարման ձևի թերություններից, սա չի նշանակում, որ մյուս կառավարման ձևերը թերություն չունեն: Արցախում խորհրդարանական կառավարման համակարգն արդյունավետ չէր կարող լինել, ընտրված նախագահական մոդելը ճիշտ է, խորհրդարանական համակարգն Արցախի համար կարող էր խոցելի լինել: Հիմա ես կարող եմ վստահորեն ասել, որ և՛ Արցախի հանրապետության սահմանադրությունը, և՛ ՀՀ-ի սահմանադրությունը կառավարման այն մոդելներն են, որոնք աշխարհում չկան: Յուրօրինակ ու միակն է Արցախի սահմանադրությունը, և յուրօրինակ ու միակն է ՀՀ սահմանադրությունը: Դրա երկրորդ տարբերակը դուք աշխարհի որևէ երկրում չեք գտնի: Հայաստանում գնացինք խորհրդարանական կառավարման ձևով, որովհետև այդ կառավարման ձևն ունեցող երկրներն ավելի ժողովրդավար են, ավելի բարձր ՀՆԱ ունեն, տնտեսական աճ ունեն, քաղաքականապես կայուն են: Հայաստանի դեպքում ամրագրեցինք այնպիսի ընտրական համակարգ, որն ապահովում է կայուն մեծամասնություն»: Ինչ վերաբերում է Արցախին, Թովմասյանն ասաց, որ Արցախի դեպքում կայուն մեծամասնություն ապահովելն անհնար է, քանի որ 8 պատգամավորով հնարավոր կլիներ վարչապետ փոխել, իսկ դա երկրում կայունություն չէր կարող ապահովել:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.