
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի քննարկմանը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Պաշպանության նախարար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե արդյոք կա՞ փորձագիտական գնահատական և նախարարը կարո՞ղ է ասել` առողջական հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված օրինակ 100 անձանցից ո՞ր մասն է կոռուպցիայի բերումով ազատվել:
«Տեսեք դուք ինչ եք ասում, ասում եք եղբայր, եթե օրինակ, դու ուզում ես դառնալ պատմաբան, շատ լավ ես անում, գնա ծառայի, հետո արի գնա պատմաբան դարձի, բայց նաև ասում ենք, եթե ուզում ես հոգևորական դառնաս, պետք չէ գնաս ծառայես, նոր դառնաս հոգևորական, դու հենց որոշեցիր հոգևորական դառնաս, քեզ տալիս ենք տարկետում, դա ձեր ասած սկզբունքին հակասում է»,-ասաց պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև մեկ այլ խնդրի` նշելով, որ լինում են դեպքեր, երբ օրինակ քաղաքացին, որն ապրում է ԱՄՆ-ում և եկել է պապիկ-տատիկի շիրիմին այցի, նրան անմիջապես օդանավակայանում բռնում ու ասում են` դու չես ծառայել:
«Էդ մարդուն ասում ենք մինչև չծառայես, հետ չես գնալու»,-ասաց Փաշինյանը։
Վիգեն Սարգսյանը առողջական վիճակի պատճառով զինծառայությունից ազատվածների վերաբերյալ բարձրացված խնդրին անդրադառնալով` համաձայնեց, որ այստեղ շատ լուրջ խնդիրներ կան, բայց կոնկրետ կոռուպցիոն դեպքերի թվեր չներկայացրեց։
«Մենք ունենք այդ խնդիրը և դրա լուծման համար այս օրենքում ձևավորված են իրավական հիմքեր, առաջինը առաջնային բուժզննության պատասխանատվության բարձրացման հարցն է։ Մենք ասում ենք, որ, քանի որ պետությունը վճարում է քաղաքացու առողջական վիճակի մշտական զննման համար մինչև 18 տարեկանը լրանալը պոլիկլինիկաների միջոցով, պոլիկլինիկաներն իրենց վրա պետք է պատասխանատվություն վերցնեն ասելու` տվյալ մարդը սահմանափակում ունի՞, թե՞ ոչ»,-ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է հոգևորականների տարկետման իրավունքի խնդրին, ապա նախարարը հստակեցրեց՝ բացառություններ չեն լինելու։ «Հոգևորականների հետ կապված ոչինչ չկա օրենքում գրված, հիմա հոգևորականներն ազատվում են հիմնականում Կառավարության որոշմամբ պարզ պատճառով, որովհետև եթե այլ բուհերում տարկետում կա, պատճառ չկա, թե ինչի Գևորգյան ճեմարանում պիտի չլինի։ Ես Վեհափառի հետ մանրամասն քննարկել եմ հարցը, եթե այլ բուհերում տարկետումը վերանա, ես համարում եմ, որ մասնագիտություն չկա, որ պետք է լինի բացառություն»,-ասաց Սարգսյանը։