Հայաստանը լավ հիմքեր ունի կրության ոլորտն ավելի զարգացնելու համար. Մեծ Բրիտանիայի դեսպան

Best of British Education կրթական ցուցահանդեսը հնարավորություն է տալիս տարբեր ոլորտների մասնագետներին, աշակերտներին և ուսանողներին ձեռք բերել բրիտանական որակյալ կրթություն Հայաստանում և Միացյալ Թագավորությունում: Երևանում հոկտեմբերի 25-ին կայացավ Best of British Education կրթական ցուցահանդեսը: Միջոցառման ընթացքում ՀՀ կրության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ասաց, որ ցուցահանդեսի մասնակիցների քանակը ցույց է տալիս, որ շատ մեծ աշխատանք է կատարված տարիների ընթացքում Հայաստանում անգլերեն լեզվի, անգլիական մշակույթի տարածման հարցում: Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշեց, որ կրթությունն ու մշակույթը շատ կարևոր դեր են կատարում մարդկային հարաբերությունների զարգացման հարցում: «Այստեղ ներկայացված են բազմաթիվ հնարավորություններ, որոնց միջոցով հայ երիտասարդները կարող են օգտվել բրիտանական կրթությունից: Հայաստանը լավ հիմքեր ունի կրության ոլորտն ավելի զարգացնելու համար»,- շեշտեց դեսպանը: Ցուցահանդեսի մասնակիցները ծանոթացան կրթական այնպիսի ծրագրերի, ինչպիսիք են` Chevening կրթաթոշակային ծրագիրը, Բրիտանական խորհրդի անգլերենի ուսուցման և դասավանդման ծրագրերը, Շեֆիլդի համալսարանի Սիթի Քոլեջ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջարկած ծրագիրը, Դիլիջանի միջազգային դպրոցի, Քեմբրիջի միջազգային դպրոցի և Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցի առաջարկած ծրագրերին: Chevening կրթաթոշակային ծրագիրն ապագա առաջնորդներին ուղղված թիրախային ծրագիր է, որը նպատակ ունի առնվազն բակալավրի կրթություն ունեցող անձանց հնարավորություն տալ մեկ տարի մագիստրոսական ծրագրի մասնակցել Միացյալ Թագավորության լավագույն հաստատություններում: Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցի ակադեմիական տնօրեն Աշոտ Աբրահամյանն էլ, ներկայացնելով իրենց, դպրոցը նշեց, որ բավականին մեծ հետաքրքրվածություն կա մասնակիցների կողմից: «Դպրոցում երեխաները հնարավրորություն ունեն հասցնել իրենց անգլերենի գիտելիքները բարձր մակարդակի և ստանալ A մակարդակի որակավորում: Սա էլ իրենց հնարարվորություն է տալիս առանց հավելյալ քննությունների ընդունվել 1400-ից ավելի միջազգային համալսարաններ»,- ընդգծեց Աշոտ Աբրահամյանը: Ցուցահանդեսը կազմակերպվել էր հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված նախաձեռնությունների շրջանակում:
Մեկնաբանություններ