ԱՄՆ-ը շարունակում է կողմերին կոչ անել՝ հարգել հրադադարը և ամենաբարձր մակարդակով շարունակել բանակցություններ․ Էնդրյու Շոֆեր

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած հանդիպման ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց բանակցային գործընթացն ակտիվացնելու ու շփման գծի լարվածությունը նվազեցնելու համար միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ․ Tert.am-ի հարցմանը, թե ինչ վերաբերմունք ունի Ժնևում կայացած հանդիպումից հետո ադրբեջանական զինուժի կողմից լարվածության ստեղծման վերաբերյալ, այսպես է պատասխանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը: «ԱՄՆ-ն, որպես համանախագահ երկիր, հավատարիմ է մնում Մինսկի խմբի գործընթացին և շարունակում է կողմերին կոչ անել՝ հարգել հրադադարը և ամենաբարձր մակարդակով շարունակել բանակցությունները` միտված խաղաղության հաստատմանը»,- նշված է պատասխանում: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը նաև հիշատակել է, որ Ժնևում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հաջորդ քայլով համանախագահները առաջիկայում կկազմակերպեն արտգործնախարարների աշխատանքային հանդիպումներ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանը ստեղծում է լարվածություն սահմանում, մասնավորապես հոկտեմբերի 17-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 19-ամյա Տիգրան Խաչատրյանը, հոկտեմբերի 22-ին և 23-ին Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները հայկական սահմանների ուղղությամբ կիրառել են Spike հակատանկային հրթիռային համալիրներ և ականանետներ: Հոկտեմբերի 24-ի կեսօրից հետո արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը կրկին դրսևորել է ակտիվություն՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, կիրառելով նաև ականանետներ:
Մեկնաբանություններ