
Երկտողը, որն Ալբերտ Էյնշտեյնը Տոկիոյում հանձնել էր սուրհանդակին, իրենից ներկայացնում էր երջանիկ ապրելու իր տեսության հակիրճ նկարագրությունը:
Daily Mail-ի հաղորդմամբ՝ այսօր այն վաճառվել է 1.56 մլն դոլարով Երուսաղեմում անցկացված աճուրդի ժամանակ: Գնորդը Եվրոպայից է:
Երկտողի նախնական արժեքը ըստ Winner's աճուրդի տան գնահատվում էր 5000-8000 դոլար: Այն գրվել է 1922-ին, երբ գերմանցի գիտնականը դասախոսություն էր կարդում Ճապոնիայում:
Նա նոր էր տեղեկացել, որ պատրաստվում է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ ստանալ, և նրա համբավը տարածվում էր ողջ աշխարհով մեկ:
Ճապոնացի սուրհանդակը նրան նամակ էր բերել հյուրանոցում,սակայն գիտնականը թեյավճար թողնելու համար ոչինչ չուներ, և չցանկանալով դատարկաձեռն ուղարկել սուրհանդակին՝ Էյնշտեյնը փոխարենը երկտող է գրում նրա համար:
Երկտողներից մեկն ասում էր. «Հանգիստ և համեստ կյանքն ավելի մեծ ուրախություն կարող է բերել, քան հաջողության հետևից վազելը»: Մյուսում էլ գրված էր. «Եթե կա ցանկություն, կա նաև ճանապարհ»: