
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Մերձավոր Արևելքում իրադրությունը չի մեղմանում, այլ ընդհակառակը՝ ավելի է սրվում, և այդ հանգամանքը մեզ համար ևս շարունակում է մնալ վտանգավոր: Նա լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ դրանից ելնելով, ինքը շատ բարձր է գնահատում, որ մենք ընդունում ենք մեր զինված ուժերի արդիականացման ծրագիր:
«Սա նշանակում է, որ մենք ոչ միայն դիվանագիտական ճանապարհով պետք է փորձենք դիմակայել նոր մարտահրավերներին, որ գալիս են Մերձավոր Արևելքից, այլ նաև՝ ռազմական առումով»,- ասաց նա՝ նշելով, որ ինքը ՀՀ իշխանությունների զինված ուժերը արդիականացնելու ծրագիրը դիտարկում է ոչ միայն Արցախի հակամարտության, այլ նաև՝ Մերձավոր Արևելքում ընթացող իրադարձությունների տեսակետից:
Ռուբեն Սաֆրաստյանը, անդրադառնալով Արցախյան հիմնահարցին, նշեց, որ այն բանակցային գործընթացը, որը կա, վիժեցվում է Ադրբեջանի կողմից:
«Սա, իմ ընկալմամբ, նոր մոտեցում, նոր տակտիկա չէ: Ադրբեջանն ամեն կերպ փորձում է վիժեցնել բանակցային գործընթացը և փորձում է որոշակի ռազմական ճնշում գործադրել սահմանի վրա՝ մշտապես կազմակերպելով տարբեր մասշտաբների սադրանքներ, այդպես ճնշում գործադրել նաև Հայաստանի վրա»,- նշեց նա:
Թուրքագետի կարծիքով՝ Ադրբեջանն այսպես է վարվում, քանի որ բանակցային գործընթացը չի ընթանում իր ցանկացած տարբերակով: «Փորձում են ճնշում գործադրել Հայաստանի և նաև որոշ չափով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա՝ ցույց տալու համար, որ այն բանակցային գործընթացը, որ հիմա տեղի է ունենում, հնարավորություն չունի դրական արդյունք ցույց տալու»,- նշեց նա: