Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը հրաժարվել է Սաակաշվիլիին փախստականի կարգավիճակ տրամադրել

Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը հրաժարվել է Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին փախստականի կարգավիճակ տրամադրել: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն: «Մենք նորություն ունենք: Եթե նախկինում ես հայտարարում էի, որ Սաակաշվիլին ունի կարգավիճակ, որն անհնար է դարձնում նրա արտաքսումը կամ արտահանձնումը, ապա այժմ Պետական միգրացիոն ծառայությունը նրան մերժել է փախստականի կարգավիճակ տրամադրել»,- ասել է Լուցենկոն լրագրողներին: Այդկերպ, նրա խոսքով, այժմ բացակայում են հանգամանքները, որոնք թույլ չէին տալիս արտաքսել կամ արտահանձնել Սաակաշվիլիին: Գլխավոր դատախազը հավելել է, որ Սաակաշվիլին այդ առնչությամբ դեռևս դատարան չի դիմել: Ավելի վաղ հաղորդվել է, որ Միխեիլ Սաակաշվիլին քաղաքական ապաստան է խնդրել Ուկրաինայից: Տվյալ դիմումն Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայության Լվովի շրջանային վարչությանն է հանձնվել սեպտեմբերի 11-ին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Սաակաշվիլին ոտքով հատել է լեհ-ուկրաինական սահմանային անցակետը և մուտք գործել Ուկրաինա։ Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազությունում հայտնել են հանգամանքների մասին, որոնք խանգարում են արտահանձնել Սաակաշվիլիին Վրաստան: Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է քաղաքացիությունից՝ պատճառաբանելով, որ նա ոչ հավաստի տվյալներ է ներկայացրել այն ստանալիս:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.