Շառլ և Աիդա Ազնավուրները հրեաներին փրկելու համար կարժանանան Ռաուլ Վալենբերգի անվան մեդալի

Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամը (IRWF) որոշել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին ու նրա քրոջը՝ Աիդա Ազնավուրին, Ռաուլ Վալենբերգի անվան մեդալ շնորհել: Ինչպես տեղեկացնում է Asbarez-ը, հեղինակավոր մրցանակը կշնորհվի ի նշան Ազնավուր ընտանիքի՝ ընտանիքի հոր՝ Միշայի, մոր՝ Քնարի ու նրանց 2 զավակների հանդեպ հարգանքի, որոնք Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ֆրանսիայի՝ նացիստական ռեժիմի կողմից շրջափակման մեջ լինելու դաժան օրերին օգնել են ֆաշիստների կողմից հալածվողներին: Ազնավուրների ընտանիքը շատ մտերիմ է եղել Միսաք Մանուշյանի դիմադրության խմբի անդամների հետ ու, վտանգելով կյանքը, իր փարիզյան բնակարանում ապաստան է առաջարկել հրեաներին և այլ ազգերի ներկայացուցիչներին: Համերաշխության ու քաղաքացիական քաջության մասին այս պատմությունը Շառլ Ազնավուրը փոխանցել է Հոլոքոստի և ցեղասպանության հարցերով նեղ մասնագետ, հրեա պրոֆեսոր Յաիր Արոնին: Աղբյուրը մանրամասնում է, որ Վալենբերգի անվան մեդալի շնորհման արարողությունը կկայանա հոկտեմբերի 26-ին՝ Իսրայելի նախագահի նստավայրում: Հայտնի է, որ Ազնավուրին կուղեկցի որդին՝ Նիկոլասը, մինչդեռ Աիդան չի կարողանա ներկա գտնվել շնորհման արարողությանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.