Մեր սպան պետք է ունենա կյանքի ու աշխատանքի լավագույն պայմաններ և աշխատավարձ, իսկ զորացրվելուց հետո՝ արժանավայել թոշակ. Նախագահ

Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Նախագահ Սերժ Սարգսյանը դասախոսություն է կարդացել, որում ասել է, որ մեր ժողովուրդը բարձր է գնահատում իր պաշտպանների անձնուրաց ծառայությունը, և կարևոր է, որ ծառայությունն ավարտելուց հետո հայրենիքը նույնպես իր պարտքը հատուցի զինվորականներին: Նախագահը, մասնավորապես, ասել է. «Այո՛, ասել եմ և կրկնում եմ՝ մեր սպայակույտը հայ մտավորական սերուցքի մի նոր և յուրատեսակ խումբ է: Հետևաբար, մեր սպայակազմը պետք է ապրի իր այդ հասարակական դիրքին վայել կյանքով: Մեր սպան պետք է ունենա կյանքի ու աշխատանքի լավագույն պայմաններ և աշխատավարձ, իսկ զորացրվելուց հետո՝ արժանավայել թոշակ: «Զինվորական ծառայության մասին» նոր օրենքի նախագծով նախատեսվում է լրջորեն վերանայել սպայական անձնակազմի համար բնակարանային խնդրի լուծման հարցը: Փորձը ցույց է տալիս, որ տարիներ շարունակ ձգվող, բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր պարունակող, ավելի շատ ջլատող, քան հարց լուծող բնակարանային հերթագրման ծրագիրն իրեն չի արդարացրել: Դրա փոխարեն կարելի է փորձել անցում կատարել մատչելի հիպոթեքային վարկավորման ծրագրի: Թեև այդ ծրագրի իրականացումը լրացուցիչ ֆինանսական բեռ է ստեղծում մեր պետական բյուջեի համար, հանձնարարել եմ մանրամասն ուսումնասիրել և լուծում տալ խնդրին` ծրագրի իրագործման նպատակով: Եվ ես գրեթե վստահ եմ, որ մենք հունվարի 1-ից կարողանալու ենք այս համակարգն արդեն գործադրել: Մենք նաև պատրաստ ենք լուրջ համաֆինանսավորման աղբյուր գտնել մեր այն սպաների համար, ովքեր կցանկանան միանալ կուտակային կենսաթոշակային ծրագրին` ի լրումն առկա զինվորական թոշակի` իրենց ծերության համար ապահովության պաշար ձևավորելու նպատակով: Նախնական հաշվարկը թույլ է տալիս ակնկալել, որ իր աշխատավարձի 5 տոկոսը հիմնադրամում հավաքող սպան 65 տարեկանից հետո ստանալու է ամսական այնքան թոշակ, որքան իր զորացրման պահին զբաղեցրած պաշտոնին հավասար հաստիքում ծառայող սպայի աշխատավարձն է: Ընթացիկ տարվա հունվարի 1-ից գործունեությունը սկսեց Զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների հիմնադրամը: Տա Աստված, որ այդ հիմնադրամը երբեք անհրաժեշտ չլինի, բայց իրականությունը մի փոքր այլ է: Այս ծրագրով մենք լուծում ենք մինչև օրս մեր ամենախոցելի խումբը հանդիսացող` զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին ֆինանսական օգնության խնդիրը: Դա մեր ազգային երախտագիտության դրսևորումն է մեր հերոսներին: Հիմնադրամը մինչև օրս գործող ամենաթափանցիկ և հաշվետու ընթացակարգերն է որդեգրել: Պետք է խթանենք նաև այս հիմնադրամին կամավոր վճարումները: Այս տարի մենք ամբողջությամբ լուծում ենք նաև զոհված զինծառայողների անօթևան ընտանիքների և 1-ին կարգի հաշմանդամների բնակարանային խնդիրները: Ինչպես հիշում եք, հայտնի ժողովի ժամանակ այդպիսի խնդիր դրվեց, և պաշտպանության նախարարը դեկտեմբերի վերջին կզեկուցի բոլորին, որ այս խնդիրն այդ պահի դրությամբ ամբողջովին լուծված է: Այս քաղաքականությունը շարունակվելու է»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.